Thursday, September 15, 2011

Այս օրենքը չի գործելու. մասնագետները՝ խղճի և կրոնական հարցերը կարգավորող օրենքի մասին

Tert.am. 14-9-2011- Հայաստանում խղճի և կրոնական հարցերը կարգավորող օրենքում սահմանումները հստակեցնելու պահանջով առաջիկայում հասարակական կազմակերպությունները դիմելու են խորհրդարանին. այս մասին, ըստ «Հորիզոնի», նշել են ՀԿ-ների ներկայացուցիչները նշված օրենքի փոփոխությունների մասին բանավեճում։
Նրանք մտահոգություն են հայտնել, որ օրենքում հստակեցված չէ, թե ինչպե´ս է անձը այս կամ այն կերպ կախման մեջ ընկել կրոնական կազմակերպությունից, որո´նք են գործունեության համար արգելված միջոցները, ի´նչ դեպքերում արարքը կարելի է որակել հոգեորսություն։
Այս պարագայում մի կողմից մտավախություն է առաջանում, որ օրենքով առաջարկված ձևակերպումն ավելի է դժվարացնելու հոգեորսին անգամ մանկավարժից սահմանազատելու գործը։ «Երբ ես կարդում էի այս նկարագիրը, ակամայից մտածեցի, որ փաստորեն ինձ էլ կարող են դատել՝ իբրև մանկավարժ, հոգեորսության համար. փաստորեն ապրումակցումը, մարդուն լսելու կարողությունը, մարդուն հոգսակից լինելու կարողությունը կարող են ցանկացած դեպքում որակավովել՝ որպես հոգեորսություն»,- ասել է սոցմանկավարժ Արմինե Դավթյանը։
Մյուս կողմից ոչ ոք՝ և հատկապես երեխաները, ապահովագրված չեն «որսվելուց»։ «Ես մտածում եմ, որ իմ երեխային փողոցում կարող են մոտենալ և երկու-երեք անգամից նրան գրավեն. ես վախենում եմ դրանից»,- նշել է բանախոսը։
Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մառոզյանը նշել է. «Եվ դուռը թակողը և դուռը բացողը՝ երկուսն էլ տուժելու են, եթե օրենքն այսպես մնա, որովհետև այս օրենքը չի գործելու։ Հույս ենք դնելու մի պատվարի վրա, որը ցանկացած պահի փլուզվելու է։ Օրենքը նման ա վերևից տերևները քաղհան անելուն։ Վաղը ավելի առատ ա աճելու»։
Նա հիշեցրել է, որ ժամանակի պահանջով բազմաթիվ գիտաբառեր իրենց սահմանումներն են ստացել և շրջանառվել թե տարբեր ոլորտներում, թե օրենսգրքերում փոփոխություններ կատարելիս. «Եկեք նայենք, «խուլիգանություն» հասկացությունն այսօր կա օրենսգրքում, իրավական հասկացություն է, բայց մի հարյուր տարի առաջ, որ հարցնեիր «խուլիգան» հասկացություն ինչ ա…»։ Բանախոսի կարծիքով հասարակական կյանքը պահանջում է, որ «հստակեցնենք, էդ տերմիններն ու մտցնենք»։

No comments: