Wednesday, September 21, 2011

Պայքարը միայն հիմա է սկսում

«Լրագիր» 21-9-2011- Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունը առիթ դարձավ անկախության համար պայքարի ակտիվացման: Տարօրինակ է հնչում, սակայն 20-ամյակը տոնող Հայաստանն առաջին անգամ գիտակցված հանդես եկավ բացարձակ անկախության օգտին, որ ենթադրում է իրավահավասար հարաբերություններ գործընկերների հետ՝ առանց «ավագ եղբայրների»:
Այն տեղեկությունը, որ անկախության զորահանդեսին մասնակցելու են Ռուսաստանի զինծառայողները, բողոքի ալիք է բարձրացրել: Հատկանշական է, որ դրանով հանդերձ, որեւէ քաղաքական կամ քաղաքացիական ուժ չի պահանջել Հայաստանից դուրս բերել ռուսական բազան, կամ փոխել դրա տեղակայման պայմանները: Բողոքի ակցիաներ չեղան նաեւ այն ժամանակ, երբ ռուսական բազային լրացուցիչ լիազորություններ տրվեցին:
Սակայն անցյալ տարվա օգոստոսից, երբ ռուսական բազայի տեղակայման ժամկետը Հայաստանում երկարաձգվեց առանց հիմնավոր բացատրությունների, Հայաստանում չեն դադարում խմորման գործընթացները. մամուլում քննարկումներ են ընթանում Ռուսաստանի դերի վերաիմաստավորման վերաբերյալ, քաղաքացիական հասարակությունը կարողացավ կանխել ռուսական դպրոցների բացումը, իսկ Ռուսաստանի Հայրենակիցներ ծրագիրը, որի միջոցով Սիբիր են հավաքագրվում հայկական ընտանիքներ, բողոքի բուռն ալիքի հանդիպեց: Հայաստանն իր անկախության 20-ամյակին հանկարծ «հայտնաբերեց» իր լիակատար կախվածությունը Ռուսաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունից:
Պարույր Հայրիկյանն ասում է, որ ինքը ռուսատյաց չէ, այլ հակաիմպերիալիստ, եւ միշտ հանդես է եկել ընդդեմ իմպերիալիստական ոտնձգությունների, լինի ռուսաստանյան, ամերիկյան, թե որեւէ այլ օտար ծագման: «Ռուսական իմպերիալիզմն ամեն ինչ անում է, որ հայաստանը մնա առանց հայերի: Սակայն, երբ Ռուսաստանում կլինեն իսկապես ժողովրդավար իշխանություններ, պետությունը կվերափոխվի, եւ ամեն ինչ այլ լույսի տակ կլինի, քանի որ այդ երկիրն իր էությամբ մեր դաշնակիցն է», ասել է Հայրիկյանը:
Ժամանակին Հայաստանում տարածված էր այսպիսի կարգախոս՝ «Հավերժ Ռուսաստանի հետ»: Կարծում եմ, պետք է այն փոխարինել այսպիսի կարգախոսով՝ «Հավերժ՝ հավերժ Ռուսաստանի հետ, եւ ոչ թե նրա, որը ներկայում կա, իսկ վաղը կարող է չլինել, ասել է Աշոտ Մանուչարյանը:
«Ռուսաստանը կորցնում է Հայաստանը» տիպի վերնագրերի ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել համաշխարհային մամուլում: Սակայն Ռուսաստանը կորցնում է ոչ թե Հայաստանը, այլ ստրկամիտ արբանյակին, փոխարենը կարող է ձեռք բերել հուսալի գործընկերոջ:
Նաիրա Հայրումյան

No comments: