Monday, September 26, 2011

Պուտինը կբերի՞ Քոչարյանին

«Լրագիր» 26-9-2011- Ռուսաստանի Դաշնությունում “նախագահ 2012” օպերացիայի հանգուցալուծումից հետո Հայաստանում թեւածում է հարցը, թե Պուտինի վերադարձը ինչ ազդեցություն է ունենալու Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, հատկապես այն գիտակցումով, որ Ռուսաստանն այդ կյանքի վրա միշտ ունեցել է առարկայական ազդեցություն, իսկ հաճախ նաեւ՝ պարզապես գործուն մասնակցություն:
Ինչ է լինելու Հայաստանում հարցն իհարկե շատ հաճախ հնչում է այլ կերպ, կամ ունենում է շատ հստակ ենթատեքստ` արդյոք Ռուսաստանում Պուտինի վերադարձը Հայաստանում նշանակելու է Ռոբերտ Քոչարյանի վերադարձ: Այդ տեսանկյունից, իհարկե հատկանշական է այն, որ վերջին շրջանում Հայաստանում Ռոբերտ Քոչարյանը ցուցաբերում է զգալի ակտիվություն, իհարկե առայժմ անուղղակի, հիմնականում քարոզչական իմաստով: Բայց, հատկանշական է, որ թերեւս առաջին անգամ բավական անկեղծացել էր Ռոբերտ Քոչարյանի շրջապատի ներկայացուցիչ համարվող կամ առնվազն ընկալվող Վարդան Օսկանյանը, ով հայտարարել էր, որ Քոչարյանը հավանաբար ներգրավվածություն կունենա խորհրդարանի ընտրությանը: Այդպիսի հարցերում սովորաբար զգուշավորություն ունեցող Վարդան Օսկանյանը միշտ դիվանագիտորեն խուսափել է խոսել Քոչարյանի քաղաքական ծրագրերի մասին, մինչդեռ այժմ բավական թափանցիկ ակնարկել է դրանց ընդհանուր պատկերը:
Հետաքրքրական էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի վերջին` սեպտեմբերի 23-ի հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, երբ նա հայտարարեց, թե ինքը դրա նախորդ հանրահավաքում ասել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքի հանգուցալուծման առումով բեկումնային իրադարձություն է լինելու: Տեր-Պետրոսյանն այդ առումով սեպտեմբերի 23-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 30-ին նշանակված հաջորդ հանրահավաքում հանրությունը ականատես կլինի. “Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթում, սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։ Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին”:
Արդյոք Տեր-Պետրոսյանը նկատի ուներ Ռուսաստանում տեղի ունեցած հենց այդ հանգուցալուծումը եւ դրանով պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը: Հետաքրքրական է, որ իր ելույթի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ կերպով չանդրադարձավ Ռուսաստանին, թեեւ խոսում էր 2008 թվականի նախագահի ընտրության կեղծիքների միջոցով իշխանության վերարտադրության մասին: Տեր-Պետրոսյանը, ով խոսում էր այն մասին, որ Արեւմուտքը իմացել է կեղծիքի մասին, սակայն ինչ-ինչ շահից ելնելով ընդունել եւ սատարել է Սերժ Սարգսյանին, չհիշատակեց այդ համատեքստում շատ խորհրդանշական մի հանգամանք, որ Սերժ Սարգսյանը առաջինը Մոսկվա գնաց եւ ընտրությանն իրեն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց Պուտինին:
Սակայն, եթե Պուտինի վերադարձը նշանակելու է Քոչարյանի ակտիվացում եւ վերադարձի փորձ, արդյոք այդ դեպքում Կոնգրեսի առաջնորդը կգերադասի ոչ թե հիշեցնել Սերժ Սարգսյանի շնորհակալությունը Պուտինին, այլ պարզապես նրան կհայտնի իր աջակցությունը Քոչարյանի հնարավոր վերադարձը կանխելու հարցում եւ կանի երկրորդ նախագահի հնարավոր վերադարձի դեմ համատեղ պայքարի առաջարկ: Արդյոք Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի թեման հենց այդ համատեքստում պահել է հենց սեպտեմբերի 30-ի հանրահավաքի համար: Եվ արդյոք դա նշանակում է, որ Պուտինի վերադարձով եւ Հայաստանում Քոչարյանի վերադարձի կամ ակտիվացման հնարավոր արձագանքով Կոնգրեսը անցնելու է այսպես ասած առավելապես արեւմտյան հարթություն, ուր, ի դեպ, կարծես թե արդեն գտնվում է Սերժ Սարգսյանը:
Համենայն դեպս, հետաքրքրական էր, որ այն օրերին, երբ Ռուսաստանում հանգուցալուծվում էր Պուտին, թե Մեդվեդեւ դիլեման, Սերժ Սարգսյանը գտնվում էր Միացյալ Նահանգներում եւ ստանում “ներգաղթի” մեդալ: Իսկ Նահանգներից հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Ֆրանսիա, որտեղից էլ Լեհաստան` Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու համար: Իհարկե, արեւմտյան “կորից” հետո նախատեսվում է այց Մոսկվա, սակայն խնդիրը տվյալ դեպքում այն չէ, թե ինչպիսին է Հայաստանի հարաբերությունն ու վերաբերմունքը Մոսկվայի հանդեպ, այլ այն, թե ինչ փոփոխություններ են նկատվում Արեւմուտքի հետ հարաբերության ուղղությամբ եւ ինչ միտումներ են առկա:
Իսկ գուցե Հայաստանի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման բեկումնային զարգացումը սպասվում է հենց Սերժ Սարգսյանի արեւմտյան այցի ընթացքում, մասնավորապես Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում, ու Տեր-Պետրոսյանը ինչ որ հանգուցալուծում սպասում է հենց այդ ուղղությամբ: Բայց, դա էլ թերեւս կարող է տեղի ունենալ հենց ռուսական զարգացումների ֆոնին, որովհետեւ եթե Պուտինը լուծելով Մեդվեդեւի հարցը Ռուսաստանում, փորձի Հայաստանում էլ լուծել Քոչարյանի վերադարձի հարցը, ապա դրա հետեւանքով Հայաստանում կարող է թերեւս քաղաքական դաշտում ձեւավորվել որոշակիորեն աննախադեպ այսպես ասած արեւմտամետ քաղաքական հոսանք` Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ: Չէ որ եթե Ռուսաստանը ձեռնամուխ է լինում Քոչարյանին վերադարձնելու ծրագրի իրականացման, եթե իհարկե այդպիսի ծրագիր կա, դրանով նա Սարգսյանին ու Տեր-Պետրոսյանին ստիպում է քաղաքական հեռանկարներ որոնել Արեւմուտքում:
Ի դեպ, չի բացառվում, որ դա Հայաստանի համար լինի իսկապես հանգուցային, բեկումնային զարգացում, ինչը կարող է իր մեջ կրել համակարգային վերափոխումների տարրեր, Սերժ Սարգսյանին չթողնելով այլ ելք: Այնպես որ, երեւի թե լավ կլինի, որ Պուտինը ձեռնամուխ լինի Քոչարյանի վերադարձի ծրագրին: Միեւնույն է, այդ ծրագիրն այսպես, թե այնպես, խոշոր հաշվով անիրագործելի է թվում, բայց դրա գործարկումը կարող է Տեր-Պետրոսյանին ու Սարգսյանին մղել ոչ անսովոր քայլերի, դուրս բերելով Հայաստանի ներկայիս իրավիճակին բնորոշ դարձող սովորական իներտությունից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: