Wednesday, September 14, 2011

Սենատի հանձնաժողովը հաստատեց Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպաններին

«Ազատություն» 14.09.2011- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի երեկոյան միաձայն հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածությանը՝ հաղորդում է Հայ դատի գրասենյակը:
Վերջինս փորձառու դիվանագետ է, ով արդեն շուրջ 30 տարի աշխատում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ոլորտում եւ ներկայումս ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության փոխղեկավարն է: Քվեարկությունից առաջ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ, Հեֆերնը նշել էր, որ քաջատեղյակ է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ղարաբաղյան խնդրին ու հայ - թուրքական հաշտեցման գործընթացին: Անդրադառնալով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններին՝ դիվանագետը խուսափել էր ցեղասպանություն բառն օգտագործելուց, նշելով, որ «այդ իրադարձությունների որակումը քաղաքական որոշում է, որը կայացվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից»:
Նույն օրը հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկությամբ հաստատվել է նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիչարդոնեն, թեեւ օրենսդիրներից երեքը՝ հայամետ Ռոբերտ Մենենդեզը, Բարբարա Բոքսերն ու Ջիմ Ռիշը, դեմ են քվեարկել նրա թեկնածությանը:
Վերջիններս, մասնավորապես, քննադատել են քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ Ռիչարդոնեի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, որի համաձայն՝ մինչեւ 1915 թվականը Թուրքիայում առկա շուրջ 2000 եկեղեցիների մեծ մասը շարունակում է գործել նաեւ այսօր:
«Այդ պատասխանը վիրավորական լինելու չափ սխալ է»,- երեքշաբթի երեկոյան հայտարարել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեզը եւ ընդգծել. - «Դա ցույց է տալիս, որ Ռիչարդոնեն բավարար չափով հետաքրքրված չէ Թուրքիայում ապրող հայկական համայնքի խնդիրներով եւ կամ իսկապես տեղյակ չէ՝ ինչ դժվարությունների են բախվում քրիստոնեական եկեղեցիներն այդ երկրում»:
Այս հարցում դեսպան Ռիչարդոնեի դիրքորոշումը քննադատել են նաեւ մի շարք այլ սենատորներ, որոնք, սակայն, ի վերջո կողմ են արտահայտվել նրա թեկնածությանը՝ վկայակոչելով վերջինիս փորձառությունն ու գիտելիքների պաշարը:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հավանության արժանանալուց հետո երկու դիվանագետների թեկնածությունը պիտի հաստատվի նաեւ Սենատի լիագումար նիստում, որից հետո միայն դեսպանները կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը Հայաստանում եւ Թուրքիայում:

No comments: