Monday, September 5, 2011

«ՄԵՀՐ». Որոշ ուժեր Արևմտյան Ազարբայջանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն են տարածում

Panorama.am. 5-9-2011- «Իրանի Արևմտյան Ազարբայջան նահանգում Ուրմիա լճի պաշտպանության անվան տակ բողոքի անօրինական ցույց կազմակերպած անձանց և անվտանգության ուժերի միջև տեղի են ունեցել բախումներ, սակայն որոշ խմբեր հասարակական կարծիքը շեղելու նպատակով ժողովրդի մեջ շշուկներ են տարածում, թե ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում մի քանի հոգի մարդ է զոհվել, այն ինչ, անվտանգության պատասխանատու պաշտոնյաները հերքում են այդ տեղեկատվությունը»:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ հաղորդմամբ` օգոստոսի 27-ին և սեպտեմբերի 3-ին Իրանի թյուրքախոս ազարիներով բնակեցված նահանգներում ի պաշտպանություն Ուրմիա լճի` տեղի են ունեցել բողոքի ցույցեր:
Օգոստոսի 31-ին Ուրմիայի իմամ ջոմե Ղոլամ Ռեզա Հասանին, անդրադառնալով Ուրմիա լճի թեմային, հայտարարել էր, որ Ուրմիա լիճը, որը աշխարհի աղի ջուր ունեցող երկրորդ լիճն է, չորս տարի անց ամբողջովին կցամաքի: Իրանցի հոգևորականը նշել էր, որ Ուրմիա լճի ցամաքումը իր բացասական ազդեցությունը կունենա Արևմտյան և Արևելյան Ազարբայջան, Զենջան, Արդեբիլ և Թեհրան նահանգների ազգաբնակչության վրա:
Նշենք, որ Արևմտյան Ազարբայջան նահանգում տեղի ունեցող բողոքի ցույցերին ակտիվորեն արձագանքում են նաև Թուրքիայի և Ադրբեջանի հակաիրանական գործունեություն ծավալող մի շարք կառույցներ, մասնավորապես` «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը», որի մի քանի ակտիվիստներ օրերս բողոքի ցույց էին կազմակերպել Բաքվում Իրանի դեսպանության առջև և հակաիրանական բովանդակությամբ հայտարարություններ հնչեցրել:

Իրանցի ցուցարարներին իր աջակցությունն էր հայտնել նաև հակաիրանական դիրքորոշում որդեգրած «Ազարբայջանի ազգային մասին ազատագրության բանակ» անունը կրող կազմակերպությունը:

No comments: