Monday, September 5, 2011

Ինչ աղմուկ է Եղնիկների շուրջ

«Լրագիր» 5-9-2011- Եղնիկներ զորամասում շարքային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան շուրջ բարձրացված աղմուկը արդեն մեկ շաբաթ է չի դադարում: Աղմուկ, որ բարձրացվել է ՊՆ և զինվորական իրավապահների կողմից: Հայտարարվում է, որ հանցագործությունը բացահայտելու համար ձեռնարկվում են աննախադեպ միջոցառումներ,դեպքի վայր են մեկնել զինվորական դատախազն ու ՊՆ քննչական ծառայության պետը, իսկ երեկ թեմային միացան նաև հեռուստաընկերությունները :
Սակայն հարցն այն է, որ այս մեկ շաբաթվա ընթացքում հանրությունը դեռևս չի տեղեկացվել, թե ինչ է կատարվել և այժմ ինչ է կատարվում Եղնիկներում, ինչու են խոշտանգել ու մահվան դուռը հասցրել 19-ամյա երիտասարդին: Այս ընթացքում ստացվել է երկու տեղեկություն.ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն, թե ձերբակալվել են երկու զինծառայող` մեկ սպա և մեկ շարքային, ապա` կալանավորվել է սպան, իսկ շարքային զինծառայողի մասին լռություն է պահպանվում:
Շարունակվող ձերբակալությունների մասին հայտարարում է զինդատախազ Գևորգ Կոստանյանը: Լավ իմանալով մեր իրավապահների աշխատելաոճը կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվում հեռավոր այդ զորամասում, որտեղ զինծառայողները, մասնավորապես, շարքային, ձերբակալվում են և իրավական աջակցության հնար չունեն, նաև նրանց հարազատներին, ովքեր սրտապատառ հետևում են այս գործընթացին:
Սակայն այս պահի գլխավոր հարցն այն է, թե ինչու է բարձրացվել այս, առայժմ, չդադարող աղմուկը.իրոք, սա սահմռկեցուցիչ այս դեպքը բացահայտելու մղումն է, թե ինչ որ մի «կարևոր անձի» հանցագործությունից հեռացնելու ցանկությունը: Բոլորս էլ գիտենք, որ նման խոշտանգման ու մահվան դեպքեր շատ են եղել, բայց այսպիսի հետևողական աղմուկի ականատես չենք եղել նույնիսկ մեծաթիվ զոհերի դեպքերում:
Պատահական չի կարող լինել նաև ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի շուտափույթ հայտարարությունը հանցագործության բացահայտման մասին, մինչդեռ զինվորական դատախազը խուսափում է «բացահայտել» բառը գործածելուց: Մյուս կողմից, ակնհայտ մի նորամուծություն կա զինդատախազի կողմից. անմեղության կանխավարկածի նկատառումներից ելնելով չի հայտնվում կալանավորված սպայի անունը: Սա, իրոք, նորություն է մեր իրավապահ համակարգում և երբևիցե չի կիրառվել գործնականում, մասնավորապես աղմկահարույց դեպքերի պարագայում: Անմեղության կանխավարկածը խախտվել և խախտվում է գրեթե բոլոր դեպքերում, իսկ ահա այս անգամ` ոչ:
Զինվորական դատախազն ասում է, որ պետք է հաստատվի անձի մեղքը և այդ մասին պետք է հայտարարվի միայն նախաքննության ավարտից հետո: Բայց չէ որ կալանավորման պահին ձեռք են բերվում անհերքելի ապացույցներ, որոնք դրվում են մեղադրանքի հիմքում, հատկապես այս պարագայում, երբ գործի են նետված քննությունն իրականացնող մեծաթիվ ուժեր` ընդհուպ մինչև փոխնախարար Վլադիմիր Գասպարյան: Եթե այդպես է, ուրեմն, եկեք անմեղության կանխավարկածը ապհպանենք մինչև վերջին դատական ատյանի դատավճռի հրապարակումը:
Այստեղից Ղարաբաղ վերահսկելը շատ դժվար է, և բոլորս էլ դա լավ գիտակցում ենք: Իսկ Եղնիկների դեպքում՝ առավելևս: Այս զորամասը հայտնի է զինծառայողների նկատմամբ կիրառվող դաժանություններով, և գործնականում հանդիպել ենք հետևանքներին: Հանրությունն այս զորամասի մասին կարող է պատկերացում կազմել youtube-ում տեղադրված հայտնի տեսանյութից, երբ սպան ծաղրում ու բռնությունների էր ենթարկում շարքային զինծառայողներին:
Փաստաբանները, ովքեր առնչվել են Եղնիկների զոհերի գործերով, որպես իրավիճակի պատճառներից մեկը նշում են զորամասի հարամանատարի անձը և ասում են, որ ժամանակն է ցրել այդ զորամասը, որը հավերժական բռնության մի վայր է թվում:
Եթե ընդունենք, որ բարձրացված աղմուկն, իրոք, ազնիվ նպատակ է հետապնդում և ծառայելու է հանցագործության բացահայտմանը, ապա սա կլինի այն նախադեպը, որը սկիզբ է դնելու անպատժելիության մթնոլորտի վերացմանը: Այնպես որ, բարձրացված աղմուկը չէ, որ կարևոր է, այլ` դրա արդյունքը:
Ժաննա Ալեքսանյան

No comments: