Thursday, September 8, 2011

Դ. Շահնազարյան. Համաժողովրդական շարժումը մտել է վճռորոշ փուլ

«Լրագիր» 8-9-2011- Հայ ազգային կոնգրեսի Վանաձորի գրասենյակում երեկ հյուրընկալվել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Դավիթ Շահնազարյանի փոխանցմամբ համաժողովրդական շարժումն արդեն իսկ մտել է վճռորոշ փուլ, ըստ նրա՝ իրավիճակը զարգանում է չափազանց արագ. «Մենք պահանջել էինք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, քանի որ այլ ուղի գոյություն չունի, որով հնարավոր է Հայաստանը դուրս բերել այս ծանրագույն իրավիճակից»:
Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, նշեց, որ տեղի ունեցավ 6 հանդիպում, որից հետո Հայաստանում կրկին հայտնվեցին քաղբանտարկյալներ, որոնց մի մասը չնայած ազատ արձակվեցին, բայց մինչ օրս Հայաստանում կա քաղբանտարկյալ ՏիգրանԱռաքելյան, ինչը խոչընդոտեց երկխոսությանը:
Շահնազարյանի խոսքով, ներկա իշխանությունը ի սկզբանե եղել է ոչ լեգիտիմ ու դրանով էլ այս 3 տարվա ընթացքում ամեն ինչ տեղաշարժել են վատից դեպի վատթարագույնը:
Լրագրողներից մեկն անդրադառնալով բանակում տիրող խայտառակ իրավիճակին, հարցրեց, թե եթե իրենք լինեին իշխանության, ապա ինչպես կվարվեին, ինչին ի պատասխան բանախոսն ասել է. «Բանակն այսօր արտահայտում է այն , ինչ կա իշխանության ներսում… Բանակն այսօր աշխատում է քրեական կանոններով»,- պատասխանեց ՀԱԿ ներկայացուցիչն ու հավելեց. «Ինչպես օլիգարխիկ համակարգն է Հայաստանի Հանրապետությունում որոշում ամեն ինչ, նման մեթոդներով էլ աշխատում է բանակը»:
Ըստ Շահնազարյանի, բանակում շատ ավելի վատ են վերաբերում զինվորին, քան կվերաբերեր ասենք հակառակորդը:
Էդվարդ Արզումանյան, Վանաձոր

No comments: