Tuesday, September 27, 2011

Եղունգները կրծելը հոգեբանական խնդիրների դրսևորում է, որ կարող է դառնալ ֆիզիոլոգիական խնդիրների հիմք

Tert.am. 27-9-2011- Եղունգները կրծելու սովորությունը հատուկ է թե երեխաներին, թե մեծահասակներին։ Դա հոգեբանական խնդիրների դրսևորում է և կարող է դառնալ ֆիզիոլոգիական խնդրի հիմք։ Թեման ներկայացրեց «Բարև, երկիր» հաղորդումը։
Առողջապահության նախարարության ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության ԳՀ-ի բժշկուհի Վարդանուշ Պետրոսյանը հիշեցրեց, որ եղունգները կրծելը վտանգավոր է պարազիտային, ճիճվային վարակակիր դառնալու տեսանկյունից, իսկ նման վարակը դրսևորվում է օրգանիզմն ախտահարելուց բավականին ժամանակ անց։
Բժշկուհին անհիմն համարեց արդարացումը, թե կրծում են, քանի որ օրգանիզմը դրա պահանջն ունի։ «Աբսուրդ է, ոչ մի առողջ նորմալ մարդ եղունգ կրծելու կարիք չունի,- ասաց նա,- գուցե միայն՝ հղիների մոտ, կամ օրգանիքզմում երկաթի պակասի դեպքում, երբ մարդիկ սկսում են ուտել այնպիսի նյութեր, որ իրականում ուտելի չեն»։
Սա նյարդային խանգարման հետևանք համարեց հոգեբան Իրինա Խանամիրյանը։ Ըստ նրա՝ նման երևույթ կարող է նկատվել կյանքի ռիթմի փոփոխության՝ օրինակ դպրոց հաճախել սկսելու դեպքում, այն կարող է արտահայտել կուտակված զայրույթը դրսևորելու անկարողությունը։
Հոգեբանության մեջ, ըստ նրա, նման երևույթները համարվում են ռեգրեսիվ, երբ մարդը գնում է դեպի ավելի վաղ փուլ՝ երբ աշխարհը ճանաչում և աշխարհից հաճույք էր ստանում բերանի խոռոչի միջոցով (մայրիկի կաթ ուտելով և այլն)։
Եղունգներին կծու կամ դառը նյութեր քսելը նման դեպքում կարող է օգտակար լինել, բայց միայն՝ ժամանակավոր, քանի որ դրանով վերացվում է միայն հետևանքը. «Ծնողները պետք է ուշադիր լինեն, թե ինչ է կատարվել, պետք է թույլ տան երեխային արտահայտել իր զգացմունքները, ինչպես նաև՝ զերծ մնան լարվածություն առաջացնող խաղերից, ֆիլմերից, մուլտերից»,- ասաց նա՝ խորհուրդ տալով եղունգներ կրծելը նկատելիս շեղել երեխայի ուշադրությունը, հանձնարարել նրան զբաղվել այնպիսի բանով, որ ձեռքերն աշխատեն՝ ասենք նկարի. ոչ մի դեպքում չվախեցնել և չպատժել։
Մեծահասակների դեպքում, ըստ հոգեբանի, առավել հեշտ է, քանի որ մեծերը գիտակցում են երևույթի տհաճ և վտանգավոր լինելը։ «Մեծահասակը կարող է ինքն իրեն վերահսկել, սակայն կարևոր է նրանց դեպքում ևս գտնել թե ինչն է նման դրսևորման հիմք դարձել»,- ասաց Խանամիրյանը։

No comments: