Monday, September 26, 2011

Թուրքիան նոր «խաղի» է պատրաստվում Հայաստանի հետ. Տարասով

Tert.am. 26-9-2011- Անկարան նոր խաղի է պատրաստվում Երևանի հետ։ Այս մասին Regnum–ում հրապարակված հոդվածում գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախարարների խորհրդի՝ հայ–թուրքական Արձանագրությունները խորհրդարան վերադարձնելու մասին որոշումը։
«Ֆորմալ տեսանկյունից այստեղ որևէ արտասովոր բան չկա, քանի որ Թուրքիան իր ստորագրությունը հետ չէր կանչել Արձանագրություններից։ Այս փաստը գալիս է ապացուցելու այն, որ Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր, հայտնի քաղաքագետ Ռուստամ Մամեդովի կանխատեսումները սին են։ Վերջինս հայտարարել էր, թե «Թուրքիայի համար հայ–թուրքական Արձանագրությունները վերածվում են անցած և ոչ պետքական փուլի»։ Սակայն ամեն ինչ ճիշտ հակառակն է լինում»,– գրում է Տարասովը՝ ավելացնելով. «Նախ և առաջ, նշենք, որ թուրքական լրատվամիջոցների կարծիքով՝ Թուրքիան, Արձանագրությունները վերադարձնելով խորհրդարան, ժեստ է անում Հայաստանին։ Մյուս կողմից, անկասկած, դա որոշակի ազդանշան է Ադրբեջանին, ակնարկ այն բանի մասին, որ Բաքվի հետ հետագա հարաբերություններում Անկարան օգտագործելու է հայկական խաղաքարտը»։
Քաղաքագետը նշում է, որ ստեղծված իրավիճակում, հատկապես հաշվի առնելով թուրք–իսրայելական հարաբերություններում ստեղծված լարվածությունը, Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը «օդից կախված» վիճակում պահելը կարևոր տակտիկական խնդիր է դարձել, և մեջբերում ադրբեջանցի փորձագետ Ռիզվան Հուսեյնովի կարծիքը. «Այսօր Թուրքիայի քաղաքական իստեբլիշմենթում որոշ շրջանակներ նորից ակտիվացնում են խոսակցությունները հայ–թուրքական Արձանագրությունների մասին։ Եվ դա չնայած այն բանին, որ Թուրքիայի իշխանությունները՝ անձամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահ Աբդուլլահ Գյուլը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմիցս հայտարարել են, որ Արձանագրությունները հանված են թուրքական քաղաքականության օրակարգից»։
«Բանն այն է, որ Անդրկովկասում Թուրքիայի քաղաքականությանը «եվրոպական երանգ» է հաղորդում ոչ թե Անկարայի «դաշնակցային» հարաբերությունները Ադրբեջանի, այլ՝ «կապվածությունը» ցյուրիխյան գործընթացի հետ։ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման գաղափարը կարող է դրականորեն անդրադառնալ Եվրոպայի հետ երկխոսության վրա, այն դեպքում, երբ մայրցամաքային շելֆի խնդիրների պատճառով Թուրքիան իր հարաբերությունները փչացրել է Կիպրոսի և միևնույն ժամանակ Հունաստանի հետ։ Բացի այդ, Թուրքիան դա կարող է օգտագործել որպես հաղթաթուղթ, եթե Ադրբեջանը սկսի հեռանալ Թուրքիայից դեպի Իսրայելի կողմը»,– գրում է ռուս փորձագետը։

No comments: