Monday, September 5, 2011

ՑԱԽԱԼ. Թուրքիայի սադրանքները կարող են հանգեցնել պատերազմի

News.am. 5-9-2011- Թուրքիայի մտադրությունը՝ ռազմածովային նավատորմի մշտական պարեկություն սահմանել Միջերկրական ծովի արեւլյան հատվածում, կարող է բերել ծանրագույն հետեւանքների եւ Իսրայելի հետ բացահայտ հակամարտության, Walla-ին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի աղբյուրը։
Աղբյուրի տվյալներով, դեռ կես տարի առաջ ՑԱԽԱԼ-ը սկսել է Թուրքիայի հետ ռազմական կապերի լիարժեք դադարեցման նախապատրաստությունը, հայտնում է իսրայելական «Наше кафе» պորտալը։
Ավելի վաղ թուրք պաշտոնյաները հայտարարել էին, որ ռազմածովային նավատորմը կուղեկցի «ազատության նավատորմերին», որպեսզի ապահովի դրանց անարգել մերձեցումը Գազայի հատվածի ափերին։
Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսի 31-ին Գազայի հատված մարդասիրական բեռ տեղափոխող «Ազատության նավատորմի» գրոհի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինների ձեռքով Թուրքիայի 9 քաղաքացի էր սպանվել։
Այդ գրոհից հետո Անկարան հայտարարել էր Թել Ավիվի հետ հարաբերությունները վերանայելու մասին եւ պահանջել էր պաշտոնապես նորողություն խնդրել իրենից, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարել։ Իսրայելը կտրականապես հրաժարվել էր ներողություն խնդրել։ Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ հարաբերությունները չեն վերականգնվի, քանի դեռ Իսրայելը Թուրքիայից ներողություն չի խնդրել, հայտնում է СNN Turk հեռուստաալիքը։ Նա նաեւ նշել էր, որ Անկարան նվազագույնի է հասցնում Թել Ավիվի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ «սառեցնում» ռազմական ու առեւտրային նախագծերով համագործակցությունը։

No comments: