Sunday, September 25, 2011

ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ, ՈՐ ՌՈՒՄԻՆԻԱՆ ՈՒՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇԱՀԵՐ»

Ասում է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանը` կոչ անելով աշխուժացնել հայ-ռումինական կապերը

«ԱԶԳ», 24-09-2011- Ինչպես յուրաքանչյուր երկիր, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ չէ, Ռումինիան նույնպես կողմնակից է, որ ԼՂ հակամարտությունը լուծվի` բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ: Այս առումով թերեւս հարկ է նկատել, որ միայն Թուրքիան ԼՂ հիմնահարցի մասին խոսելիս առանձնապես հակված չէ ընդգծելու այս գործընթացում Մինսկի խմբի դերը: Ինչեւէ` երեկ Մամուլի ազգային ակումբում հյուրընկալվել էր Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդիքս Պրունարիուն . «Ռումինիան կողմնակից է, որ ԼՂ հակամարտությունը լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի արդյունքում, եւ մենք կարծում ենք, որ Մինսկի խմբի հնարավորությունները սառեցված չի կարելի համարել», հայտարարեց դեսպանը: Միեւնույն ժամանակ Պրունարիուն ընդգծեց. «Որոշումը պետք է կայացնեն կողմերը, այլ ոչ թե այն պետք է պարտադրվի կողմերին դրսից: Միայն այս պարագայում հնարավոր է ապահովել երկարատեւ խաղաղություն ու այդ երկրների երկարատեւ զարգացում»: Շեշտելով, որ Ռումինիան խնդրի կարգավորումը տեսնում է միջազգային իրավունքի շրջանակներում, տիկին դեսպանը նշեց. «Ինչպես տարբեր են լինում հակամարտությունները, այնպես էլ տարբեր են լինում դրանց լուծումները: Սակայն ամեն դեպքում հակամարտության լուծման հիմնաքարը միջազգային իրավունքն է»:
Այն դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի դեսպանը օրեր առաջ Բաքվում Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հայտարարությունը, թե «ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», դեսպան Պրունարիուն պատասխանեց. «Ինձ համար դժվար է մեկնաբանել նախագահ Բասեսկուի հայտարարությունները, բայց չպետք է մոռանալ, որ Ռումինիան ունի էներգետիկ շահեր: Կարծում եմ, որ մամուլը հաճախ ուշադրությունը կենտրոնացնում է այնտեղ, որտեղ ուզում է, այլ ոչ թե ամբողջ խոսքի վրա»:
Այնուհետեւ «էներգետիկ շահերով» Ռումինիայի դեսպանը անդրադարձավ ժողովրդավարությանն ու եվրոպական արժեքներին. «Ռումինիան ցանկանում է տարածաշրջանում տեսնել պետություններ, որոնք համահունչ են եվրոպական արժեքներին, մենք ցանկանում ենք տեսնել ոչ միայն ժողովրդավարություն կամ քաղաքական ներպետական երկխոսություններ, այլեւ երկխոսությունները տարածաշրջանի մակարդակով` պետությունների միջեւ: Ու, ամենակարեւորը, մենք չէինք ցանկանա, որ հակամարտությունների նոր օջախներ առաջանան», ասաց տիկին դեսպանը:
Նշենք, որ Ռումինիան առաջիններից էր, որ քսան տարի առաջ ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ առաջինը, 1991-ի դեկտեմբերի 17-ին անկախացած Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց: Միաժամանակ տիկին դեսպանը մատնանշեց, որ երկու երկրների ժողովուրդների միջեւ հարաբերությունները դարերի պատմություն ունեն եւ հույս հայտնեց, որ, մասնավորապես, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունն ավելի կխորանա: «Ես կարծում եմ, որ վերջին քսան տարում քաղաքական - դիվանագիտական հարաբերությունները սառել են, ճիշտ է` կան հաջող համագործակցության օրինակներ մշակույթի եւ կրթության ոլորտներում, սակայն մեր երկրների խորհրդարանները ջանքեր պետք է ներդնեն ավելի աշխույժ համագործակցության համար», հայտարարեց դեսպանը` ընդգծելով սերտ համագործակցությունը երկու երկրների հասարակական կազմակերպությունների միջեւ: Այդուհանդերձ` Պրունարիուն ընդգծեց. «Հայաստանը այն չէ, ինչ եղել է չորս տարի առաջ, քաղաքացիական հասարակությունն այստեղ զարգանում է: Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, ապա Հայաստանը դեռ ճանապարհ ունի անցնելու»:

No comments: