Sunday, September 25, 2011

Թուրքիան կրկին ցանկանում է միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

News.am. 24-9-2011- Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ի հարթակից կրկին խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Նա հայտարարել է, որ «տարածաշրջանում կայունության պահպանման համար» Թուրքիան պատրաստ է ակտիվացնել իր ջանքերը ԼՂ հակամարտության լուծման հարցում, եթե Ադրբեջանը նման ցանկություն ունենա, հայտնում է Trend-ը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի հարթակից հայտարարել էր անթույլատրելիության մասին, «որպեսզի ղարաբաղյան հակամարտությունն այսուհետ եւս չկարգավորված մնա»:
Նրա կարծիքով, սառեցված հակամարտությունների լուծման համար անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր ներդնել:
Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թվականի փետրվարին, երբ առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ստեփանակերտում հայտարարեց խորհրդային Ադրբեջանից դուրս գալու մասին։ ԼՂՀ լիարժեք ինքնիշխանությունը ամրագրվեց 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով։ Բնակչության 99,89 տոկոսը կողմ արտահայտվեց լիարժեք անկախությանը։
Ադրբեջանական իշխանությունները փորձեցին ուժով վերադարձնել տարածաշրջանը, սակայն պարտություն կրեցին։ Դրանից հետո Ադրբեջանի կողմից նախաձեռնված լայնամասշտաբ ռազմական գործողությունները բերեցին Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողության կորստի։ Ղարաբաղյան զորքերը պահպանեցին նաեւ մի շարք հարող շրջանների հանդեպ վերահսկողությունը։
Պատերազմ սկսելուց հետո Թուրքիան, ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, միակողմանի կարգով փակեց Հայաստանի հետ ցամաքային սահմանը։

No comments: