Sunday, September 25, 2011

Շ.Թորոսյան. Ի՞նչ հարևան-բարեկամություն` մենք որևէ աջակցություն վրացական կողմից չենք տեսել ու չենք տեսնում

Panorama.am. 24-9-2011- Նախօրեին Վրաստանի տարածած պաշտոնական հայտարարությունն այն մասին, թե մեր հարևան երկիրը չի ճանաչում օրերս Լեռնային Ղարաբաղում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները բավականաչափ աղմուկ բարձրացրեց: Շատերը, այդ թվում նաև հայրենի խորհրդարանում վիրահայության շահերը ներկայացնող պատգամավոր Շիրակ Թորոսյանն այդ քայլը համարում են հարված ողջ հայությանը, քանի որ. «Դա բարեկամ ու գործընկեր համարվող երկրի պահվածքին հարիր չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց նա:
Կոնկրետ բարեկամության ու լավ հարևանության մասին խոսելով Շ.Թորոսյանը շտապեց ավելացնել, որ այդպես մեր ու վրաց պաշտոնյաներն են շարունակ ասում, հատկապես վերջին շրջանում, երբ երկկողմ հանդիպումները կարծես հաճախակիացել են: Բայց իրականում այլ պատկեր է. «Ստացվում է, որ մեր գործընկեր երկիրը նման հակադիր կարծիք է արտահայտում այն հարցի վերաբերյալ, որը Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Նրա խոսքերով, Հայաստանի համար գոյություն ունի երկու սկզբունքային հարց: Դա, նախ, ամեն օր վիրահայության իրավունքների ոտնահարման խնդիրն է, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը` գլոբալ քաղաքականության իմաստով: Բայց այս երկուսի դեպքում էլ Վրաստանը, փաստորեն, հակադիր կարծիք է արտահայտում. «Գործընկերությունն ու բարեկամությունը պետք է երևան ոչ թե մանր-մունր գործերում ու պաշտոնական հանդիպումներում, այլ պրակտիկ գործով: Մինչդեռ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին բացեիբաց հայտարարեց, թե չի ճանաչում ղարաբաղյան ընտրությունների արդյունքները... Սրանից հետո, ըստ իս, այդպիսի բարեկամության մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Շ.Թորոսյանն ու ավելացրեց, որ ՀՀ ղեկավարությունը` ԱԳՆ-ն և այլն, պետք է հետևություններ անեն ու հստակեցնեն` կամ իսկապես իրական բարեկամություն ենք անում, կամ …
«Ի վերջո, ի՞նչ հարևան-բարեկամության մասին է խոսքը, երբ այսօր մենք որևէ աջակցություն միջազգային ասպարեզում վրացական կողմից ոչ տեսել ենք, ոչ էլ տեսնում ենք»,- հավելեց մեր զրուցակիցը:
Պատասխանելով մեր այն հարցադրմանը, որ նախկինում նման հայտարարություններով Վրաստանը կարծես հանդես չի եկել, մասնավորապես` Արցախում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, ինչո՞վ կարելի է բացատրել նման քաղաքականությունն այսօր, ի՞նչ դրդապատճառներ կան , Շ.Թորոսյանը նշեց, որ կոնկրետ այս պարագայում գործ ունենք վրաց իշխանությունների տևական քաղաքական հայացքների ու որդեգրած քաղաքականությանը հավատարիմ լինելու գործընթացի հետ:

No comments: