Monday, September 19, 2011

Իրանցի քաղաքապետը Հայաստան էր եկել` Արարատը բարձրանալու. ստիպված էր նվաճել Արագածը

Tert.am. 17-9-2011- Օրերս Հայաստան ժամանած իրանցի լեռնագնացների խմբի ղեկավարը Իրանի Ղազվին նահանգի Ալվանդի քաղաքապետն է: Մաջիթ Մոլային ամենափորձառուն է տարբեր տարիքի ու մասնագիտության 12 լեռնագնացներից, որոնց միավորում է սերը լեռների հանդեպ: 13 տարի է` ղեկավարում է Ալվանդի լեռնագնացների ակումբը: Միասին մագլցել են Իրանի լեռների գրեթե 80 տոկոսը` բարձրացել են անգամ ամենաբարձր` Ալբորս լեռնաշղթայի 5671 մետր բարձրությամբ Դեմովանդ գագաթը:
Իրանցի լեռնագնացների խմբի ղեկավարը խոստովանում է` Հայաստան նրանց բերել է ոչ թե Արագած այլ Արարատ լեռը բարձրանալու ցանկությունը: Սակայն միայն տեղ հասնելուց հետո են պարզել, որ Արարատը Հայաստանի ներկայիս տարածքում չէ:
«Իրանում Արարատ անունով ամեն բան կապված է հայերի հետ, «Արարատ» ֆուտբոլային ակումբ կա, Արարատ անունով այլ սպորտային խմբեր կան, ի վերջո, Արարատը մի տեսակ հայերի խորհրդանիշն է, մենք համոզված էինք, որ Արարատը Հայաստանում է»,- Tert.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Արարատի փոխարեն բարձրացան Արագած, և չեն փոշմանել: Հիացել են լճով, վերևից բացվող տեսարանով:
Խմբի կազմում է նաև կինոռեժիսոր Մաջիթ Գյարուսին: Արագածի ճամփորդությունը նրա համար նոր տպավորությունների աղբյուր էր ու վավերագրական նոր ֆիլմի համար առատ նյութ:
«Բնությունն իսկապես շատ գեղեցիկ է, Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի գեղեցիկ էկոֆիլմի հերոս դառնալու համար»,- ասաց նա:
«Շատ գեղեցիկ տեսք ունեն Արագածի 4 գագաթները, իսկ վերևից հրաշալի է Երևանի տեսարանը: Տեխնիկապես, իհարկե, բարդություններ կային: Հողը հոսում էր, տեղ-տեղ ստիպված էինք ճանկերով բռնվել: Մի բան էլ եմ ուզում ասել, դուք հրաշալի լեռնագնացության մասնագետներ ունեք»,- նկատեց քաղաքապետ Մաջիթ Մոլային:
Իրանցի լեռնագնացներն Հայաստանից իրենց հետ ոչ միայն վառ տպավորություններ ու հուշանվերներ կտանեն, այլև Արագածի Հարավային գագաթը 5 ժամում հաղթահարելու համար «Հայաստանի ժայռամագլցման և լեռնագնացության» ֆեդերացիայի կողմից ստացած վկայականները:

No comments: