Sunday, September 4, 2011

Վիկ Դարչինյանը հաղթեց հայրենիքում

Երեկ առաջին անգամ Երևանում՝ «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային կենտրոնում, կայացավ պրոֆեսիոնալ մենամարտ Վիկ Դարչինյանի և Էվանս Մբամբայի մասնակցությամբ։
Թեև Վիկ Դարչինյանը երկրպագուներին խոստացել էր Մբամբային հաղթել նոկաուտով, այնուամենայնիվ, մրցակիցը շատ պինդ էր, ու չնայած Դարչինյանից ստացած բազմաթիվ հարվածներին, Մբամբան ոտքի վրա մնաց մինչև մենամարտի վերջ։
Մենամարտից հետո շնորհակալություն հայտնելով երկրպագուներին՝ Դարչինյանը հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է Հայաստանի անկախության 20–ամյակին։ «Շատ տիտղոսներ ունեմ, բայց իմ նպատասկը Հայաստանում հաղթելն էր»,– ասաց Դարչինյանը։ Միջազգային դատավորներից թույլտվություն խնդրելով՝ նա իր նվաճած չեմպիոնական գոտին նվիրեց Սերժ Սարգսյանին։ Իսկ «2008–ին տարվա ամենաուժեղ նոկաուտ» մրցանակը Դարչինյանը նվիրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Դարչինյանը ափսոսանք հայտնեց այն առնչությամբ, որ չկարողացավ կատարել խոսոտումը և Մբամբային նոկաուտով հաղթել. «Շատ էի ուզում նրան նոկաուտ անեի, ես միշտ մեծ հավածով էի գնում ու վռազում էին մի քիչ»,– ասաց բռնցքամարտիկը։
Դարչինյանը հաղթեց 12 ռաունդում լարված ու ծանր պայքարում։ Մինչև հանդիպումը Մբամբան հայտարարել էր, որ 8 շաբաթ անդադար նախապատրաստվել է երևանյան մենամարտին և իր երազանքն է վերջապես հաղթել Դարչինյանին ու մտնել պատմության մեջ (Դարչինյան-Մբամբա մենամարտը նախատեսված է եղել դեռևս 2009 թվականին): Դարչինյանն էլ պատասխանել էր, որ եթե Մբամբան 8 շաբաթ է նախապատրաստվել, ապա ինքը՝ 16 շաբաթ և Մբամբայի երազանքը կավարտվի՝ ամենաերկարատև նոկաուտով պատմության մեջ մտնելով: Դարչինյան - Մբամբա մենամարտին ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

No comments: