Sunday, September 4, 2011

Երեքն ընդդեմ Սերժի՞

«Լրագիր» 3-9-2011- Լեռնային Ղարաբաղի անկախության քսանամյակի հանդիսությունների մի դրվագ պարունակող այս լուսանկարը բավական հետաքրքրական է ստացվել: Դրանում Հայաստանի եւ Ղարաբաղի չորս նախագահներ են, բայց հետաքրքրականն այն է, որ նրանցից երեքը կարծես թե առանձնացել են չորրորդից` Սերժ Սարգսյանից:
Լուսանկարում Սերժ Սարգսյանը կարծես թե մի տեսակ կանգնած է իր համար, իսկ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կանգնած են Ռոբերտ Քոչարյանի համար, ով եւս անկասկած կանգնած է իր համար: Ստացվում է, որ Քոչարյանը, Սահակյանն ու Ղուկասյանը լուսանկարում կանգնած են Քոչարյանի համար, իսկ Սերժ Սարգսյանը` միայնակ իր համար:
Թե ում համար են կանգնած հետեւի շարքերում երեւացվող դեմքերը, դժվար է ասել: Ավելի ճիշտ երեւի թե միարժեք է, որ նրանք կանգնած են իշխանության համար, նայած, թե ով է այդ պահին իշխանությունը: Եվ եթե դատենք կոնկրետ լուսանկարից, ապա իշխանությունն այդ պահին Քոչարյան-Սահակյան-Ղուկասյան եռյակն է, որը մենակ է թողել Սերժ Սարգսյանին: Հազիվ թե իշխանությանը մենակ թողնեին: Հայկական կարգում սովորաբար իշխանությունն է թողնում մենակ:
Իհարկե, սա ընդամենը մի ակնթարթ է, որ պատկերված է լուսանկարում եւ այն ամենեին էլ ամբողջ ճշմարտությունը չէ: Հնարավոր է, օրինակ, որ հաջորդ պահին արդեն Բակո Սահակյանը շրջվեր Սերժ Սարգսյանի կողմ եւ փարատեր նրա մենությունը:
Սակայն ակնթարթն իսկապես խորհրդանշական է, որովհետեւ այն թեեւ չի արտահայտում տոնակատարության հիերարխիկ ամբողջ ընթացքը, բայց կարծես թե բավական մոտ է Սերժ Սարգսյանի նախագահության ամբողջ ընթացքին: Սերժ Սարգսյանն այդ ընթացքում այդպես էլ մնաց միայնակ: Նույնիսկ հիմա, երբ թվում էր, թե Հայ ազգային Կոնգրեսը պատրաստ է փարատել նրա մենությունը, երկխոսելով հետը, ամեն ինչ ձախողղվեց, ու Սարգսյանն էլի մնաց մենակ:
Նա այդպես էլ չկարողացավ ձեւավորել իր թիմը ու մնաց կամ Ռոբերտ Քոչարյանի, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հույսին: Իսկ չկարողացավ երեւի թե այն պատճառով, որ սեփական թիմը փորձում էր ձեւավորել Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օրինակով: Մինչդեռ նրանք իրենց թիմերի ձեւավորման վարպետներ են եւ հնարավոր չէ ասենք Տեր-Պետրոսյանի օրինակով թիմ ձեւավորել եւ ստանալ նրա թիմից ավելի ուժեղը, եւ հնարավոր չէ Ռոբերտ Քոչարյանի օրինակով թիմ ձեւավորել ու ստանալ նրա թիմից ավելի ուժեղը:
Հետեւաբար, եթե թիմի ձեւավորումը իրականացվում է կամ մեկին, կամ մյուսին ընդօրինակելով, ոչինչ էլ չի ստացվում եւ մնում ես կամ մեկի, կամ մյուսի հույսին: Լավագույն դեպքում, Սերժ Սարգսյանը փորձում է թիմ ձեւավորել՝ կիրառելով Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի հնարքների եւ մոտեցումների մի համադրություն, ինչը նույնպես չի ստացվի, քանի որ դրանք “գենետիկորեն” տարբեր մոտեցումներ են:
Ու քանի որ Սերժ Սարգսյանը երեք տարի շարունակ չի կարողանում ձեւավորել կառավարման ուրույն մոտեցում ունեցող թիմ, արդյունքում ստացվում է Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի մեթոդաբանական մի խառնուրդ, որտեղ մի ժամանակահատվածում “գլուխ է բարձրացնում” Տեր-Պետրոսյանականը, հետո “ռեւանշի” է հասնում Քոչարյանականը:
Միգուցե Սերժ Սարգսյանն այդ ամենն անում է գիտակցված, հասկանալով, որ առկա իրավիճակում միայն այդպես կարող է պահել նախագահի պաշտոնը եւ այն չզիջել Տեր-Պետրոսյանին կամ Քոչարյանին: Բայց այդպես էլ նա զիջում է իշխանությունը, որովհետեւ Հայաստանում կատարվում են հետաքրքրական գործընթացներ, հատկապես համաշխարհային գործընթացների ֆոնին, երբ իշխանությունն այլեւս դադարում է նույնականացվել նախագահության հետ եւ ոչ թե իշխանությունն է լինում նախագահության արդյունք, այլ հակառակը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: