Tuesday, September 27, 2011

«ԻՆՋԻՌԼԻՔ» ՌԱԶՄԱԲԱԶԱՆ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ Է ՀԱՅԱՊԱՏԿԱՆ ԿԱԼՎԱԾՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Կալիֆոռնիայի դատարանի պաշտպանական ներկայացնելու պահանջին Թուրքիայի փոխարեն արձագանքում են թուրքական Գյուղատնտեսության եւ Կենտրոնական բանկերը
«ԱԶԳ», 27-09-2011- Ադանայի մոտակայքում տեղակայված ամերիկյան «Ինջիռլիք» ռազմաբազայի տարածքը հայապատկան կալվածք է: 1915-ին, երբ տեղահանվում եւ ցեղասպանության են ենթարկվում արեւմտահայությունը Օսմանյան կայսրությունում, հայկական եկեղեցիներն ու վանքերը հրկիզվում կամ ավերվում են, հիվանդանոցի, դպրոցի, թատրոնի շենքերը պետականորեն առգրավվում են, առգրավվման են ենթարկվում ցեղասպանության զոհը դարձած հայերի ողջ ունեցվածքը, ներառյալ անձնական իրերն ու կահ-կարասին, բնակարանները, խանութները, արհեստանոցները, արտերը: Շքեղ առանձնատներն անցնում են թուրք ավագանուն, իսկ ընդարձակ հողատարածքներըՙ պետության ձեռքը: Ընդ որում, քեմալականները հայերի ունեցվածքից բաժին են հատկացնում եւ թոշակ նշանակում Թալեաթի, Էնվերի, Ջեմալի եւ հայ ժողովրդի այլ դահիճների ընտանիքներին: Այս հատկացումներն ու նշանակումները հաստատվում են Մեջլիսի ընդունած օրենքով, կալվածքների եւ հողատարածքների առգրավվումըՙ նմանապես:
«Ինջիռլիք» ռազմաբազայի տարածքը, ինչպես երեկ նշել է «Հաբերթուրք» թերթը, պատկանել է Տիգրան էֆենդիին եւ Կալինե (Կարինե) խաթունին, որոնց ամերիկաբնակ ժառանգներ Ալեքս Բաքալյանը, Անաիս Հարությունյանը եւ Ռիթա Մահտեսյանը 100 մլն դոլարի փոխհատուցման պահանջով Թուրքիայի Հանրապետության Գյուղատնտեսության բանկի եւ Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական բանկի դեմ հայտ են ներկայացնում Կալիֆոռնիայի դաշնային դատարան:
Ինչո՞ւ Գյուղատնտեսության եւ Կենտրոնական բանկերի դեմ: Նախքան այդ հարցը պարզաբանելը, նշենք, որ հայցվորները Ադանայում ունեցել են պապենական 4 հողատարածք եւ բնակելի տներ, 496 հա ընդհանուր մակերեսով: 1915-ին այս տարածքը առգրավվումից հետո հանձնվել է Գյուղատնտեսության բանկին, իսկ 1923-ին, այսինքնՙ Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետոՙ Կենտրոնական բանկին:
Նրանք դաշնային դատարան ներկայացրած դիմումում նշել են, որ ներկա պահին իրենց պապենական կալվածքը «Ինջիռլիք» ռազմաբազայի մաս է կազմում, 4 հողատարածքի եւ բնակելի տների արժեքը 63,9 մլն դոլար է, սակայն բազայի տեղակայման դիմաց ԱՄՆ-ից բանակից ստացված վարձի եւ 1915-ից ի վեր կուտակված տոկոսների հետ այդ գումարն աճել է, ուստի Թուրքիան որպես փոխհատուցում պետք է վճարի 100 մլն դոլար:
Կալիֆոռնիայի դաշնային դատարանը, համարելով Թուրքիայի դեմ հարուցված փոխհատուցման հայցը հիմնավոր, գործին ընթացք է տվել: Ավելին, այս տարվա մարտին մինչեւ սեպտեմբերի 19 պաշտպանական ներկայացնելու պահանջով պաշտոնապես Թուրքիային է դիմել, սակայն Թուրքիայի արտգործնախարարությունը պատճառաբանելով, թե ինքնիշխանության հանգամանքը չի կարող որեւէ պետությանը մյուսին դատելու իրավունք տալ, մերժում է դատարանի պահանջը:
Հակառակ արտգործնախարարության պաշտպանական ներկայացնելու պարտականությունը ստանձնում են Գյուղատնտեսության եւ Կենտրոնական բանկերը, որպեսզի, «Հաբերթուրքի» արտահայտությամբ, խուսափեն «փոխհատուցման սպառնալիքից»: Այսպիսով վերջնաժամկետի վերջին օրըՙ սեպտեմբերի 19-ին այս բանկերը պատասխան գրությամբ պաշտպանական են ներկայացնում Կալիֆոռնիայի դաշնային դատարան:
Գրության մեջ նշվում է, որ հայ ընտանիքըՙ պատճառաբանելով, թե իրենց պապական կալվածքն առգրավվել է 1915-ի տեղահանության ժամանակ, առգրավվման պատասխանատվությունը փորձում է բարդել Թուրքիայի վրա, մինչդեռ Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է 1923-ին, հետեւաբար թուրք-օսմանական օրենքներն ու որոշումները չեն կարող պարտավորեցնող լինել նրա համար:
Այս բանկերը դատարանին հիշեցնում են Գյուղատնտեսության բանկի 1863-ին, իսկ Կենտրոնական բանկիՙ 1930-ին կազմավորման հանգամանքը, ընդգծելով, որ իրենք ունեն օտարերկրյա հիմնարկի կարգավիճակ, ուստի ամերիկյան դատարանը չի կարող դատական գործ հարուցել, մանավանդ որ դա հակասում է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխհատուցման պահանջների առնչությամբ ստորագրված համաձայնագրին:
Միաժամանակ թուրքական բանկերը փոխհատուցման պահանջի տեսանկյունից անբավարար համարելով դատարանին հայցվորների ներկայացրած փաստաթղթերը, մասնավորապես Տիգրան էֆենդիի եւ Կարինե խաթունի անձնագրերի օրինակները եւ օսմանյան արխիվներից քաղված սեփականատիրոջ վկայականները, ժառանգականությունն ապացուցելու առումով, պահանջում են կարճել գործը, ընդգծելով, որ այդ գործի վաղեմության ժամկետն արդեն լրացած է:
Եթե վաղեմության ժամկետի խնդիր լիներ, ապա Կալիֆոռնիայի դաշնային դատարանը Ալեքս Բակալյանի, Անաիս Հարությունյանի եւ Ռիթա Մահտեսյանի հայցին ընթացք չէր տա, առավել եւս պաշտպանական ներկայացնելու պահանջով չէր դիմի Թուրքիային: Թեեւ «Հաբերթուրքը» հայցը վերագրում է Թուրքիայի Գյուղատնտեսության եւ Կենտրոնական բանկերին, իրականում դրա հայցատերը բանկերը չեն, այլ հենց թուրքական պետությունը, այլապես դատարանը պաշտպանական կպահանջեր բանկերից: Ըստ երեւույթին իրատեսական է նաեւ փոխհատուցում ստանալը: Հակառակ դեպքում այս բանկերը Թուրքիայի արտգործնախարարության մերժած պաշտպանականն ինքնակամ Կալիֆոռնիայի դատարանին չէին ներկայացնի, նրանց չէր մտահոգի «փոխհատուցման սպառնալիքը», ոչ էլ նրանք պաշտպանականում հստակ կընդգծեին, որ դա Թուրքիայի Հանրապետության անունից չի ներկայացվել:
Փոխհատուցում ստանալու առումով կարեւոր է նաեւ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ փոխհատուցման պահանջների առնչությամբ ստորագրված համաձայնագիրը, ինչպես նաեւ ամերիկյան «Ինջիռլիք» ռազմաբազայի տեղակայումը հայապատկան կալվածքի տարածքում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: