Tuesday, September 27, 2011

Սարիբեկյանները Եվրոդատարան հայց կներկայացնեն ընդդեմ Ադրբեջանի

Tert.am. 27-9-2011- Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ծնողները գանգատի վերջնական տարբերակը շուտով կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրանք համոզված են, որ Ադրբեջանի կողմից ոտնահարվել են մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիայով երաշխավորված մի շարք՝ այդ թվում՝ Սարիբեկյանի կյանքի իրավունքը։ Այս մասին տեղեկացրեց «Առաջին լրատվական»-ը։
«Հայաստանի հանրապետության դատախազությունը, նույնպես և նախաքննություն իրականցնող մարմինը ամեն ինչ պիտի անեն, որպեսզի պահպանվի-վերականգնվի Մանվել Սարիբեկյանի՝ Հայաստանի քաղաքացու իրավունքներն ու շահերը։ Եվ դատախազությունն իր կողմից տուժողի հարազատներին կտրամադրի բոլոր անհրաժեշտ նյութերը Եվրոդատարան ներկայացնելու համար,- ասել է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։- Հայաստանի հանրապետության դատախազությունը հետամուտ է լինելու ոչ միայն այս գործով, այլև, ընդհանրապես, բոլոր գործերով, որ վերաբերում են արտասահմանում մեր քաղաքացիների իրավունքների և շահերի պահպանությանը»։
Հիշեցում. Գեղարքունիքի մարզի Թթու ջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանն անցած տարի կորած անասուններին փնտրելիս մոլորվել էր և գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ Ադրբջանական կողմը տարածել էր հաղորդագրություն, թե իբր Մանվելն անցել է սահմանն ու հանձնվել իրենց, իսկ ավելի ուշ տեղեկացրել էր՝ իբր երիտասարդն ինքնասպան է եղել։
Սակայն երբ ադրբեջանական կողմը վերադարձրել էր Մանվելի դին, դատաբժշկական փորձաքննությունը պարզել էր, որ նրա մարմնի վրա խոշտանգումների հետքեր կային։ Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության օբյեկտիվությունն ապահովելու համար մեր երկրի գլխավոր դատախազը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազին՝ պարզելու՝ արդյոք Ադրբեջանի քննչական մարմինները կատարում են քննություն։ Վերջինս չի պատասխանել՝ նույնիսկ ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությունից հետո։

No comments: