Saturday, September 3, 2011

Թուրք–իսրայելական ճգնաժամը մեծացնում է ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը. Hurriyet

Tert.am. 3-9-2011- Անկարայի կողմից Թել Ավիվի հետ հարաբերությունները նվազագույնի հասցնելու առնչությամբ կայացրած որոշումը մեծացնում է ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը՝ անդրադառնալով պաշտոնական Անկարայի՝ Իսրայելի նկատմամբ «Ազատության տորմիղի» միջադեպի պատճառով պատժամիջոցներ կրրառելու որոշմանը։
«Թուրք–իսրայելական հարաբերությունների խզման հետևանքով Անկարային, մասնավորապես Հայոց ցեղասպանության թեմայի առնչությամբ, շատ դժվարին օրեր են սպասվում Միացյալ Նահանգներում և Եվրամիության մի շարք երկրներում։ Դիվանագիտական աղբյուրները, ուշադրություն հրավիրելով ԱՄՆ–ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա, նշում են, թե հրեական լոբբին էլ ավելի է ընդլայնելու իր հակաթուրքական գործունեությունն ու աջակցելու է հայկական լոբբիին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ընդունման հարցում»,– գրում է «Հյուրրիյեթը»։
Հիշեցնենք, որ երեկ այն բանից հետո, երբ The New York Times թերթում հայտնվեց ՄԱԿ–ի «Ազատության տորմիղի» հետ կապված զեկույցը, պաշտոնական Անկարան հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ թուրք–իսրայելական հարաբերությունների հետագա ճակատագրի մասին։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Իսրայելի հետ հաջորդ շաբաթվանից սկսած առկախվելու են բոլոր ռազմական պայմանագրերը, դիվանագիտական հարաբերությունները դեսպանի մակարդակից իջեցվելու են ժամանակավոր հավատարմատարի մակարդակին, երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները մինչև հաջորդ չորեքշաբթի վերադառնալու են իրենց պետություններ։ Բացի այդ, Դավութօղլուն հայտարարեց նաև, որ Անկարան չի ճանաչում Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը և անելու է հնարավորը՝ «Ազատության տորմիղի» միջադեպը Արդարադատության միջազգային դատարանում քննելու համար։

No comments: