Monday, September 5, 2011

WikiLeaks. «ԱՄՆ-ը չի կարող տալ Ալիևին այն, ինչ նա իսկապես ցանկանում է»

Panorama.am. 5-9-2011- Հերթական սկանդալային հրապարակմամբ (SECTION 01 OF 03 BAKU 000535) «WikiLeaks»-ը բացահայտել է պաշտոնական Բաքվի ընկճվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պատճառով: Նամակում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանը պարբերաբար բարձրաձայնել և բողոքել է, որ Հայաստան-Թուրքիա հաշտեցման գործընթացը զգալիորեն թուլացնում է Ադրբեջանի դիրքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանցիները փորձում էին բնական գազի ռեսուրսների միջոցով ստիպել թուրքերին հետ կանգնել գործընթացից, ինչը շատ բացասական ազդեցություն ունեցավ ԱՄՆ -Ադրբեջան հարաբերությունների վրա: Այնուամենայնիվ, Ադրբեջանում կան խելացի մարդիկ (ներառյալ նախագահը), որոնք հասկանում են, որ Հայաստան-Թուրքիա գործընթացը կշարունակվի անկախ Ադրբեջանի թույլտվությունից»:
Փաստաթղթում նշվում է, որ թուրքերը մեղադրում են ամերիկացիներին` վստահ լինելով, որ ԱՄՆ-ը ստիպողաբար ներքաշել է Անկարային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց: Պաշտոնական Անկարան Վաշինգթոնի այդ քայլը դիտարկում է որպես դավաճանություն: Սակայն ադրբեջանցիներն ամեն ինչ ավելի վարդագույն լույսի ներքո են տեսնում. Իրականում Հայաստանի շրջափակումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Բաքվին չի տալիս այն հնարավորությունները, որոնք իրենք պատկերացնում են, թե ունեն:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը նշում է, որ Բաքուն չի ընկալում ԱՄՆ-ի այն «մեսիջները», որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է խթանել ԼՂ հարցի լուծումը: Ալիևը վստահ է, որ, հնարավորության դեպքում, թուրքերն առանց վարանելու կվաճառեին Ադրբեջանը: Ալիևը խորապես հիասթափված է Թուրքիայի պահվածքից սակայն Թուրքիան ինքնիշխան երկիր է, որը կարողանում է սեփական որոշումներն ընդունել:
Համաձայն նամակի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանին անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիան չի կարողանում կտրուկ քայլերի դիմել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի վրա ազդելու համար: Թեև Ալիևի ազդեցությունը հայ-թուրքական գործընթացի վրա վիճելի է, սակայն ակնհայտ է, որ այս ընթացքում ԱՄՆ-ը շարունակում է կորցնել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա, քանի որ ԱՄՆ-ը չի կարող տալ նախագահ Ալիևին այն ինչ նա իսկապես ցանկանում է:

No comments: