Monday, September 5, 2011

Որքանով է իրական Հարավային Կովկասում կոնֆեդերացիայի ստեղծումը

Panorama.am. 5-9-2011- Ադրբեջան-Թուրքիա կամ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան կոնֆեդերցիայի ստեղծումը շատ դժվար հարց է: Այս մասին «1նյուզ»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը:
Լրատվականի այն ակնարկին, թե «վերջին ժամանակներում ակտիվ քննարկվում է Ադրբեջան-Թուրքիա կամ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան կոնֆեդերցաիայի կամ էլ Ադրբեջան-Վրաստան կոնֆեդերացիայի ստեղծման մասին:
Օրինակ, Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն վրացական ԶԼՄ-ներին հայտարարել է, որ իր պետությունը պատրաստ է միանալ Ադրբեջանի հետ կոնֆեդերացիային», -Ա. Հասանովը նշել է. «Գիտեք, դա այնքան էլ հեշտ հարց չէ: Իհարկե, նման գաղափար գոյություն ունի, տարբեր ժամանակներում այդ մասին հայտարարել են տարբեր քաղաքական գործիչներ, և այն դարձել է քննարկման առարկա: Կոնֆեդերացիայի ստեղծման մասին եղել են խոսակցություններ նաև Հարավային Կովկասում: Այն ժամանակ, երբ երեք հարավ-կովկասյան երկրներ դեռ առանձին-առանձին չէին մտել ԽՍՀՄ-ի կազմի մեջ, գոյություն ուներ Անդրկովկասյան կոնֆեդերացիա: Նման գաղափարներ են արտահայտվել նաև հետագա ժամանակշրջաններում»:
Աղբյուրի այն դիտարկմանը, թե «ԵՄ-ն նշել է, որ միայն այն բանից հետո, երբ Հարավ- Կովկասյան երկրները կլուծեն միմյանց միջև գոյություն ունեցող հակամարտությունները և միասնական կոնֆեդերացիայի մեջ կմտնեն, կպարզեցնեն մաքսային-անցման, ինչպես նաև մուտքի-ելքի խնդիրները, ապա ապագայում լիովին հնարավոր է այս երկրների ինտեգրումը ԵՄ-ին», վերջինս նշել է. «Այսպիսի հարցերը քննարկվում են, բայց դրանք հեշտ չեն: Այն դեպքում, եթե նման հարցերը դառնան ակտուալ, ապա պետք է լուրջ քննարկել այդ հարցը: Այդ հարցը պետք է քննարկվի հասարակության, խորհրդարանի, հասարա-քաղաքական շրջանակների կողմից, պետք է քննարկել այդ հարցի բոլոր դրական և բացասական կողմերը: Այսօր հնարավոր չէ այդ գաղափարին իրականացմանը հստակ ասել «այո» կամ «ոչ»: Քննարկումներ են անցկացվում այդ գաղափարի շուրջ, բայց ապագան ցույց կտա, թե այդ գաղափարը որքանով է իրական, որքանով է հավանական դրա իրագործումը, թե ինչ դրական կամ բացասական հատկանիշներ կարող է այն ունենալ»:

No comments: