Saturday, October 1, 2011

Անի-1050. մի խումբ հայ ուսանողներ ու դասախոսներ կուղեւորվեն պատմական Հայաստան

News.am. 30-9-2011- Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը հոկտեմբերի 1-3-ը կիրականացնի «Անի-1050` ճանապարհորդություն դեպի պատմական հայրենիք» ծրագիրը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի բարձր հասարակական ակտիվություն եւ բարձր առաջադիմություն ունեցող մի խումբ ուսանողներ, դասախոսներ կուղեւորվեն պատմական Հայաստան։ Ծրագիրը նվիրված է Անիի 1050-ամյակին, Հայաստանի անկախության 20-ամյակին, ինչպես նաեւ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի հիմնադրման 20-ամյակին: Ուղեւորության առաջին օրը մասնակիցները կայցելեն հայոց 10-րդ մայրաքաղաք Կարս, կշրջեն քաղաքում, կլինեն Եղիշե Չարենցի հայրական տանը, Առաքելոց եկեղեցում, Կարսի բերդում, թանգարանում, ռուսական գիմնազիայում:
Այնուհետեւ ուղեւորությունը կշարունակվի դեպի Բայազետ, կբարձրանան Արարատ սարը (2500 մ)՝ այնտեղ բարձրացնելով ՀՀ պետական դրոշը: Երկրորդ օրը մասնակիցները կշրջեն Վանով եւ կուղեւորվեն դեպի Սարիղամիշ: Ուղեւորության 3-րդ օրը նախատեսված է այցելություն հայոց 11-րդ մայրաքաղաք Անի: Երիտասարդները կլինեն Մայր տաճարում, Գագկաշեն, Տիգրան Հոնենց, Փրկչի եկեղեցիներում, Կուսանաց վանքում, Մանուչեի մզկիթում եւ այլն:
Ճանապարհորդության ընթացքում երիտասարդներին կտրվեն բոլոր նշված վայրերի մասին պատմող տեղեկատվական թերթիկներ։ «Անի-1050` ճանապարհորդություն դեպի պատմական հայրենիք» ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանակներում էլ ավելի բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգասիրությունն ու հայրենասիրությունը, վառ պահել պատմական ժառանգության նկատմամբ սրբազան կարոտը, որը մեզ են փոխանցել մեր պապերն ու հայրերը։

No comments: