Saturday, October 1, 2011

«Today`s Zaman». Թուրք-իսրայելական ճգնաժամի անդրադարձը Կովկասում

News.am. 1-1-02011- NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսի հոդվածը` հրապարակված թուքական «Today`s Zaman»-ում:
Անցած տարի Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում ծագած լարվածությունը անդրադարձավ նաեւ տարածաշրջանային դաշինքների շփման գծերի վրա եւ հանգեցրեց նոր ձեւաչափերով դաշինքների փնտրտուքի:
Այն ժամանակ ադրբեջանական եւ հայկական լրատվամիջոցները տարբեր մոտեցումներ որդեգրեցին «Մավի Մարմարա» նավի կամավորների ճակատագրի վերաբերյալ: Հայաստանը Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ` բաց պահելով Անկարայի հետ հնարավոր համագործակցության դուռը:
Ադրբեջանում «Մավի Մարմարայի» վրա սպանված Թուրքիայի ինը քաղաքացիների կապացությամբ տեղի ունեցան իրավապաշտպան կազմակերպությունների հակաիսրայելական բողոքի գործողություններ` ամենազանգվածայինները Ադրբեջանի ժողովրդի պատմության մեջ: Ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանեցին միջադեպը եւ առաջին անգամ մարդիկ անկացրեցին բողոքի զանգավածային միջոցառումներ Իսրայելի դեմ:
Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ձգտող Հայաստանում մոտեցումները տարբեր էին: Փորձագետները քննարկում են, թե Թուրքիա – Իսրայել հակասությույններից Հայաստանն ինչպես կարող է օգուտ քաղել: Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը հայկական կայքերից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ իսրայելական գործողությունների հիմնական պատճառը եղել է Իսրայելի ազգային անվտանգության ապահովումը:
Դրա քաղաքական հետեւանքների մասին Մեհրաբյանն ասել էր. «Մենք պետք է հիշենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները զգալիորեն վատացել են: Դա Իսրայելի հիմնախնդիրը չէ: Այդ հիմնախնդիրը ծագել է Մերձավոր Արեւելքում ազդեցությունն ընդլայնելու Թուրքիայի փորձի հետեւանքով»:
Փորձագետ Ռուբեն Մելքոնյանը պնդում է, որ Իսրայելի խորհրդարանը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջան. իրականություն եւ նոր մարտավարություն
Իսրայելը սերտացնում է ռազմական կապերն Ադրբեջանի հետ, որն ապահովում է Իսրայելի նավթի եւ բնական գազի պահանջարկի 30 տոկոսը: Իսրայելն Ադրբեջանին տրամադրում է անօդաչու թռչող սարքերի, արբանյակային համակարգերի եւ ինքնաձիգ զենքի արդիականացման ծառայություններ: Հայաստանը որոշակի անհանգստություն է զգում այս կապակցությամբ, սակայն հույս ունի, որ կկարողանա մերձեցնել հարաբերությունները Իսրայելի հետ: Հայկական կողմի կանխատեսումներից մեկն էլ այն է, որ Թուրքիայի հետ լարվածության շնորհիվ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ հրեական լոբբին ամբողջ աշխարհում այս հարցի վերաբերյալ նոր դիրքորոշում կընդունի հօգուտ Հայաստանի:
Այդ գործընթացի ժամանակ նոր ճնշումների կարող են ենթարկվել ազգային փոքրամասնությունները Թուրքիայում: Հայկական եւ հրեական համայնքները պետք է պատրաստ լինեն նոր միջադեպերի:
Եթե Թուրքիան նախկինի նման ձգտում է դառնալ տարածաշրջանային ազդեցիկ ուժ, ապա երկարաժամկետ հեռանկարում Անկարան կունենա ճգնաժամեր եւ մյուս հարեւանների հետ: Կարող է ձեւավորվել Երեւան – Աթենք – Թել Ավիվ առանցքը եւ փոխարինել Անկարա – Բաքու – Թել Ավիվ փոփոխվող ռազմա-տեխնիկական համագործակցությանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հունական Կիպրոս եւ Հունաստան կատարած այցերի ժամանակ գլխավոր հարցը Թուրքիայի հետ դիմակայությունն էր: Իսրայելի պաշտոնյաների այցերը Երեւան, իսրայելական լրատվամիջոցների դրական մոտեցումը հայկական հարցին, իսրայելական իշխանությունների որոշ ներկայացուցիչների հայտարարությունները 1915 թվականի իրադարձությունների մասին, Թուրքիայի հետ շարունակվող ճգնաժամը Երեւանին հույս են տալիս, որ կանխատեսումները կարդարանան: Սակայն Իսրայելն էլ չի ցանկանում հարցականի տակ դնել փաստարկը, թե միայն հրեաներն են ենթարկվել ցեղասպանության:
Ռազմական եւ էներգետիկ ոլորտներում Իսրայելի եւ Ադրբեջանի ընդլայնված համագործակցությունն է պայմանավորում իսրայելական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում: Ընդդեմ Թուրքիայի Իսրայելի, Հունաստանի եւ հունական Կիպրոսի համագործացկությունն ինքնին չի կարող կանխել Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանում, իսկ իրական քաղաքականությունը չի կարող փրկել Հայաստանին ռուսական կախվածությունից: Իսկ Ռուսաստանը հայտարարել է, թե կճանաչի Պաղեստինը որպես անկախ պետություն:

No comments: