Wednesday, October 5, 2011

Պետք է բացահայտել Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին. Թոմաս Համարբերգ

Tert.am. 5-10-2011- Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Ստրասբուրգում խոսել է լրագրողների դեմ իրականացվող բռնությունների մասին։
Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, Համարբերգն անդրադարձել է վերջին տարիներին տեղի ունեցած լրագրողների դաժան սպանություններին և կոչ արել պատկան մարմիններին բացահայտել այդ սպանությունների ոչ միայն կատարողներին, այլև՝ դրանց պատվիրատուներին։
Համարբերգն ընդգծել է, որ իրավապահ և դատական մարմինները պատասխանատվություն են կրում լրագրողների դեմ իրականացված հանցագործությունների արագ և արդյունավետ հետաքննության ապահովման համար։
«Վերջին տարիներին Եվրոպայում դաժան սպանությունների զոհ են դարձել մի շարք հայտնի լրագրողներ, այդ թվում՝ Հրանտ Դինքը Թուրքիայում, Գեորգի Գոնգաձեն Ուկրաինայում, Էլմար Հուսեյնովը Ադրբեջանում, Աննա Պոլիտկովսկայան Ռուսաստանում։ Անհրաժեշտ է բացահայտել և պատժել այդ սպանությունների ոչ միայն կատարողներին, այլև՝ դրանց պատվիրատուներին»,– ասել է Համարբերգը՝ նշելով, որ 1992 թվականից մինչև հիմա Եվրոպայում իր մասնագիտական գործունեության պատճառով սպանվել է 100 լրագրող, մեծ թվով լրագրողներ ենթարկվել են հարձակման և ստացել սպառնալիքներ։

Նշելով, որ լրագրողների սպանության դեպքերի շատ քիչ տոկոսն է մինչև վերջ բացահայտվում, Համարբերգն ասել է. «Դա կասկածի տակ է դնում իրավապահ մարմինների և դատական համակարգի գործունեության էֆեկտիվությունը։ Դա մարդու իրավունքների աղաղակող խախտում է, երբ իշխանությունները թույլ են տալիս մեղավորներին անպատիժ մնալ»։
Համարբերգն ընդգծել է, որ ազատ, անկախ և պլյուրալիստական ԶԼՄ–ները գործող ժողովրդավարության կարևոր տարրերից են։
«Բացի այդ, ազատ լրատվամիջոցները կարևոր նշանակություն ունեն մարդու մյուս բոլոր իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ լրագրողների գործունեության արդյուքնում բացահայտվել են իշխանության չարաշահման, կոռուպցիայի, խտրականության կիրառման և խոշտանգումների դեպքեր»,– ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը՝ ավելացնելով. «Լրագրողների նպատակը ոչ թե իշխանության ղեկին գտնվողներին ուրախացնելը կամ իշխանության խոսափողը լինելն է, այլ՝ հասարակական վերահսկողության իրականացումը»։

No comments: