Wednesday, October 5, 2011

ԵԽԽՎ-ն ընդունել է ինքնորոշման իրավունքը ստորադասող բանաձև

Tert.am. 5-10-2011- ԵԽԽՎ-ն երեկ քննարկել է Գերմանիայի պատվիրակ Մարինա Շուստերի հեղինակած ` «Ազգային ինքնիշխանության և պետականության ժամանակակից միջազգային իրավունք. անհրաժեշտ պարզաբանում» բանաձևի նախագիծը: Ըստ ԵԽԽՎ 79 կողմ, 18 դեմ, 2 ձեռնպահ ձայներով ընդունված բանաձևի, ինքնորոշման իրավունքը չի ընձեռում անջատման ավտոմատ իրավունք:
Ստրասբուրգից Tert.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն այդ բանաձևն անվանեց «բավականին հակասական դրույթներ պարունակող բանաձև»:
«Հայկական պատվիրակությունը, իհարկե, ներկայացրեց իր դիրքորոշումը, ավելին` 10-ից ավելի առաջարկներ արեցինք, որոնք կնպաստեին այդ հակասությունների վերացմանը: Սակայն մեր առաջարկություններից ընդունվել էին միայն 3-ը: Այդ պատճառով էլ հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով դեմ քվեարկեց այդ բանաձևին: Ես իմ ելույթում անդրադարձա ՄԱԿ-ի կանոնակարգի դրույթներին, հղումներ արեցի նաև 1952թ. դեկտեմբերի 16-ին ընդունված բանաձևում ՄԱԿ-ի վեհաժողովի հայտարարությանը, որում ասվում է, թե ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը նախադրյալ է մարդու բոլոր հիմնարար ազատությունները վայելելու համար: Այսինքն, ինքնորոշման իրավունքն ամենակարևորներից է, իսկ դրա մերժումը մարդու իրավունքի ոտնահարում է` հետևաբար նաև միջազգային իրավունքի խախտում: Իմ կարծիքով, գերմանացի պատգամավորը բավականին անպատրաստ էր, ես նաև կարծում եմ, որ այդ բանաձևի նախագիծը նույնպես իրենը չէր, հավանաբար այն ստացել է մեկ այլ պատգամավորից, որովհետև որևէ հարցի չէր կարողանում լիարժեք պատասխանել: Սա արդեն որերորդ անգամն է` ԵԽԽՎ-ն քննարկում է անպատրաստ բանաձև»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

No comments: