Wednesday, October 5, 2011

Թուրքիայում ձերբակալվել են Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող «հայ» PKK-ականներ

HayNews.am. 5-10-2011- Թուրքական «Ենի Շաֆաք» պարբերականն իր հոդվածում նշում է, թե Դիարբեքիրում օրեր առաջ ձերբակալվել են Ֆրանսիայի քաղաքացի երկու հայեր, ովքեր «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներ են:
Թուրքական լրատվամիջոցը նաև նշում է նրանց անունները` Տիգրան Սարգիս Արչագ Եգավյան և Էյուփ Սուլթ ան Դեմիրիչիվի: Եթե առաջինի դեպքում գոնե անունը հայկական է, ապա երկրորդի դեպքում այն քրդական է կամ թուրքական:
«Ենի Շաֆաքի» պնդմամբ` իբրև թե «հայ» PKK-ականները ձերբակալվել են Դիարբեքիրի Սուր շրջանում: Նրանց մոտից հայտնաբերվել է քրդական կազմակերպությանը վերաբերող փաստաթղթեր և քարոզչական նյութեր:
Ըստ նույն աղբյուրի, «ևս 9 Ֆրանսիայի քաղաքացիներ, այդ թվում նաև մեկը` Միքայել Մինասյան անունով, միասին տեղավորվել են Դիարբեքիրի հյուրանոցներից մեկում և «չի բացառվում» նաև նրանց կապը PKK-ի հետ»:
Նշենք, որ թուրքական իշխանություններն ու մամուլը տարիներ շարունակ փորձել են PKK-ին կապել հայերի, իսկ վերջերս նաև ՀՀ-ի հետ:
Անգամ տեղեկություններ էին տարածվում, թե PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն ազգությամբ հայ է: Իսկ Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Ջամիլ Չիչեքն ակնարկել էր, որ PKK-ականները քրիստոնյա հայեր են, քանի որ թլպատված չեն:
Թուրքական մամուլում նաև տարածվում էին լուսանկարներ, որտեղ PKK-ական կանայք պատկերված էին Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերների տակ:
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:

No comments: