Saturday, October 15, 2011

Երեւանում մեկնարկել է Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը

News.am. 14-10-2011- Երեւանում, հոկտեմբերի 14-29-ին, կանցկացվի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որը նախորդ տարվանից դարձել է Շեքսպիրյան փառատոների Եվրոպական ցանցի անդամ:
Փառատոնի առանցքը կդառնա անգլիացի աշխարհահռչակ բեմադրիչ Դեկլան Դոնելլանի «12-րդ գիշերը» հանրահայտ բեմադրությունը, որը նա իրականացրել է Մոսկվայում` Ռուսաստանի հայտնի դերասանների հետ: Ներկայացման մեջ զբաղված են Ռուսաստանի ժողովրդական դերասաններ` Ա. Ֆեկլիստովը, Մ. Ժիգալովը, Ի. Յասուլովիչը եւ ուրիշներ: Ծրագրին կմասնակցեն նաեւ Իրանը եւ Վրաստանը: Իրանը կներկայացնի Անդիշե թատերախումբը` «Մակբեթ» եւ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումներով, իսկ Վրաստանը կներկայացնեն Թբիլիսիի Շ. Ռուսթավելիի անվ. ազգային թատրոնը «Համլետ» եւ Թբիլիսիի Վ. Աբաշիձեի անվ. Դրամայի եւ կոմեդիայի պետական թատրոնը`աշխարհի մի շարք փառատոների մեծ հաջողությամբ մասնակցած «Մակբեթ» ներկայացումներով:
Փառատոնին կմասնակցի նաեւ միջազգային ճանաչում ունեցող թուրքմեն բեմադրիչ Օվլյակուլի Խոջակուլին, որը կներկայացնի «Համլետ» բեմադրությունը:
Փառատոնին Հայաստանը կներկայացնեն Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի թատրոնը` «Ռոմեո եւ Ջուլիետ», Երեւանի Հր. Ղափլանյանի անվ. Դրամատիկական թատրոնը` «Հուլիոս Կեսար», «Է. Էլբակյան» թատրոնը` «Ռոմեո եւ Ջուլիետ», Հայաստանի Թատերական գործիչների միությունը` «Լեդի Մակբեթ» ներկայացումներով:

Փառատոնի կայացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանն ու Հայաստանի թատերական գործիչների միությունը:
ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին մասնակցում են. ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը, Թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ, Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի նախագահին կից մշակութային խորհրդի նախագահության անդամ Վալերի Շադրինը, Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային փառատոնի աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարինա Ծատուրովան, Թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահի օգնական Սերգեյ Մայիլովը, դերասաններ` Ալեքսեյ Ֆեկլիստովը, Միխայիլ Ժիգալովը եւ Իգոր Յասուլովիչը:

No comments: