Sunday, October 30, 2011

Վանաձորում հարկեր են սահմանվել շուն ու կատու պահողների համար

News.am. 29-10-2011- Երեկ` հոկտեմբերի 28-ին, Վանաձորում կայացել է ավագանու հերթական նիստը, սակայն այսմեկը նախորդներից բավականին տարբեր էր, քանի որ քննարկված հարցերի բնույթն ու դրանց լուծումները հարուցել են Վանաձորի բնակիչների զայրույթն ու զարմանքը:
Ինչպես Վանաձորից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, նիստին ավագանու 14 անդամներից ներկա են եղել միայն 8-ը: Բարձրացված հարցերից միաձայն հավանության արժանացան 3-ը` քաղաքապետարանի շենքի ջեռուցման նախագծի համար աշխատավարձերի չափերի նոր սահմանումը, Գրիգոր Լուսավորիչ փողոցում վարձակալությամբ նոր տաղավարների տրամադրումն ու Լեւոն Սարգսյանի հիշատակին հուշատախտակի տեղադրումը: Բացի այս երեքից, քննարկվեցին այլ թեմաներ ու հարցեր եւս: Սակայն ամենաառաջնային թեման օրակարգում դարձավ թվով երրորդ հարցը, որ վերաբերվում էր ընտանի կենդանիներ պահելու տարեկան վճարների չափին: Հարցի քննարկումը ավագանու անդամներին բաժանեց 2 խմբի, կամ, ինչն ավելի բնորոշ է` 2 բանակի, քանի որ երկար-բարակ բանակցություններ էին գնում, անդամներից մի քանիսը բարկացած իրենց վրդովմունքն էին հայտնում, ասելով, որ սա ոչ թե հավելյալ միջոցների հատկացում կլինի, այլ բնակիչների բողոքի ալիք կբարձրացնի:
Այսպիսով բարձրացած մեծ աղմուկից հետո որոշվեց հարցը դնել քննարկման, առաջարկվեց 200 դրամ` յուրաքանչյուր ընտանի կենդանու համար, քվեարկությունն անցավ 2 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ու քանի որ հավասար ձայների համար հարցը չհաստատվեց, որոշվեց քննարկման դնել մեկ անգամ եւս` հարկը սահմանելով 0 դրամ: Այդ քվեարկությունը եւս չհաստատվեց, ստիպված որոշվեց նոր թիվ սահմանել` հազար դրամ մեկ ընտանի կենդանու գլխի համար, ընդ որում, այդ «ընտանի կենդանիներ» կոչվող ցուցակում ներառված էին նաեւ տանը պահվող շները, կատուները, այլ մանր ու մեծ կենդանիները եւս: Երրորդ քվեարկության ժամանակ, հայտնի չէ հոգնածությունից, թե բարկությունից, 7 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, որոշումն ընդունվեց, սակայն չսահմանվեց վճարման կարգը:

No comments: