Monday, October 3, 2011

Թուրքական ռազմանավերը Միջերկրական ծովում խոչընդոտներ են հարուցում իսրայելական առևտրանավերի համար

1in.am. 3-10-2011- Իսրայելական Zman կայքի փոխանցմամբ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում ընթացող զարգացումներն ահազանգում են ծովում և օդում Թուրքիայի և Իսրայելի միջև զինված բախման մեծացող վտանգի մասին։ Հինգշաբթի օրվանից սկսած՝ թուրքական ռազմանավերը խանգարում են Կիպրոսի արևելքից անցնող իսրայելական առևտրանավերին։
Թուրքական ռազմանավերը մոտենում են իսրայելական առևտրանավերին, նրանց հետ ռադիոկապի մեջ են մտնում և պահանջում փոխել կուրսը՝ դա պատճառաբանելով այն բանով, թե նրանք, իբր, խախտում են նավարկության միջազգային կանոնները։
Ի պատասխան՝ իսրայելական ռազմաօդային ուժերը մի քանի թռիչք են իրագործել այն տարածքների վրա, ուր տեղի էին ունեցել նմանատիպ միջադեպեր։ Բացի այդ, թուրքական նավատորմի սպառնացող մանևրների ֆոնին, իսրայելական ռազմածովային ուժերի հրթիռային կորվետները նույնպես մոտեցել են Կիպրոսի ափերից 160 կիլոմետր հեռավորության վրա՝ Իսրայելի տնտեսական գոտու սահմանին ընկած շրջանին, ուր ամերիկյան Noble Energy ընկերությունը զբաղված է նավթի և գազի որոնման համար հորատումների իրականացմամբ։
Արևմտյան ռազմածովային դիտորդներն անհանգստացած են, որ այս միջադեպերը կարող են վերածվել ծովում և օդում անվերահսկելի բախման։ Թուրքիայից ու Իսրայելից բացի՝ հակամարտության մեջ կարող են ներգրավվել նաև Կիպրոսն ու Հունաստանը։

No comments: