Wednesday, October 5, 2011

Սարկոզիի ոչ սովորական առաջարկը

«Լրագիր» 5-10-2011- Վաղը Երեւան է գալիս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, եւ փորձագետները ղարաբաղյան կարգավորման հարցում նոր առաջարկների սպասումների մեջ են: Արդեն հայտարարվում է, որ Ֆրանսիան ոչ մի նոր բան չի կարող առաջարկել կարգավորման հարցում: Սակայն Սարկոզիի այցն իրոք կարող է շրջադարձային դառնալ, եթե նա այլ քաղաքական կոնցեպցիա առաջարկի:
Խոսքը հակամարտության կարգավորման վերջնական տարբերակների մասին չէ, այլ հակամարտությունը երկրորդ պլան մղելու ու տարածաշրջանի պրագմատիկ զարգացման: Ընդ որում, դա կարող է վերաբերել ինչպես խողովակաշարի անցկացմանը, որը կհատի փակ սահմանը, այնպես էլ տարածաշրջանում արեւմտյան ներդրումների աճին, երկրների տնտեսական զարգացման խթանմանն ու քաղաքական ինտեգրմանը կամ էլ, եթե կուզեք, Հարավային Կովկասի աբսորբցիային եվրոպական ազդեցության գոտում:
Օրերս Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան-Շմիդտը նշել է. “Ղարաբաղի ճանաչման հարցը ակտուալ չէ այսօր, քանի որ այն հեշտ լուծվողների ցանկից չէ: Անհրաժեշտ է ինտեգրման ակտիվ գործընթաց սկսել, չնայած գոյություն ունեցող հակամարտությանը, ինչն էլ անում է ԵՄ-ն”: Այդ համատեքստում պետք է սպասել Սարկոզիի ոչ սովորական առաջարկներին, ով, ըստ ամենայնի, արդեն Սերժ Սարգսյանին պատմել է իր մտադրությունների մասին Փարիզում:
“Առանց կարգավորման ինտեգրացիա” կոնցեպցիան աստիճանաբար դառնում է գերիշխող: ԵԽԽՎ-ն երեկ քվեարկել է Պաղեստինի Ազգային խորհրդին “ժողովրդավարության ամրապնդման հարցում գործընկերոջ” կարգավիճակ տալու օգտին: Հայկական պատվիրակությունը մտադիր է նման կարգավիճակ ստանալ նաեւ Ղարաբաղի համար:
“Ադրբեջանի թեթեւ ձեռքով ԵԽԽՎ-ում այնպիսի կուրս են ընդունել, որ հակամարտությունները համարվում են խոչընդոտ ժողովրդավարության համար: Իրականում ամեն ինչ այլ կերպ է` ժողովրդավարությունն օգնում է հակամարտությունների կարգավորմանը: Այդ քայլը դրանով էլ հենց հետաքրքիր է: Պաղեստինին ճանաչում են որպես Եվրոպայի խորհդի գործընկեր ժողովրդավարության հարցում”, ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Նա ասել է, որ Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողովի վերակենդանացման ճանապարհով գնալու փոխարեն, որը ցույց է տվել իր անկարողությունը, անհրաժեշտ է ղարաբաղցիներին կարգավիճակ առաջարկել, որպեսզի նրանց լեգիտիմ ընտրված ներկայացուցիչները կարողանան մասնակցել ֆորումներում անմիջականորեն իրենց վերաբերող հարցերի քննարկմանը:
Նոր պայմաններում հայկական պատվիրակությունը կարող է լիովին հասնել դրան: Ւսկ պայմաններն էականորեն փոփոխվել են այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես կարգավորելու Ռուսաստանի ջանքերը տապալվեցին: Սակայն գլխավորն այն է, որ փոխվում են ձգձգվող հակամարտությունների լուծման հանդեպ համաշխարհային հասարակայնության մոտեցումները:
Նաիրա Հայրումյան

No comments: