Thursday, October 27, 2011

Քեթրին Էշթոնը նոյեմբերին կժամանի Հայաստան

Tert.am. 26-10-2011- Հայաստան–ԵՄ ասոցացման պայմանագրի բանակցությունների 7-րդ փուլի մեկնարկի առթիվ այսօր լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ արտաքին հարաբերությունների Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդին։
Մնացականյանի խոսքով` այս գործընթացը մի նոր մակարդակի վրա կբարձրացնի Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունները: Գործընթացը սերտորեն կապված է Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացի հետ, բարեփոխումներ, որոնք համահունչ են ԵՄ սկզբունքներին և չափանիշներին:
«Ուզում եմ հիշատակել ՀՀ նախագահի Վարշավայում հնչեցրած ելույթը, որ նա մատնանշել էր ՀՀ պատրաստակամությունը հետևողականորեն նպաստել ԵՄ սկզբունքներին համապատասխան բարեփոխումների իրականացմանը` տնտեսության, ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավուքների և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: Նա նշեց, որ բանակցությունների առանցքային մասն է կազմել ազատ առևտրի գոտու ձևավորմանը վերաբերվող հատվածը:
«Այս առումով մենք ունենք որոշակի առաջընթաց, միևնույն ժամանակ մենք նպատակ ունենք արագացնել այն ներքին գործընթացները, որոնք կնպաստեն բանակցությունների մեկնարկին: Մոտ ապագայում կսկսենք մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունները»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:
Գունար Վիգանդին իր հերթին նշեց, որ Հայաստանն իրապես արագացրել է իր տնտեսական-քաղաքական բարեփոխումները, սակայն պետք է գիտակցել, որ արդյունքները տեսնելու համար ժամանակ է անհրաժեշտ: Գունար Վիգանդիի խոսքով` Հայաստանը տնտեսական բնագավառում պետք է բազմաթիվ կանոններ համաձայնեցնի ԵՄ երկրների հետ, երբ նույն օրենքները կգործեն թե ԵՄ, թե Հայաստանի շուկաների համար, ինչը մեծ ձեռքբերում կլինի այն գործարարների համար, ովքեր կցանկանան ներդրումներ կատարել Հայաստանում: Նա տեղեկացրեց նաև, որ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը պատրաստվում է նոյեմբերին գալ Երևան:
«Ես զրուցել եմ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, նա վաղը լինելու է Լյուքսեմբուրգում և ստորագրելու է պայմանագրեր, որով կկարգավորվեն հայերի իրավական միգրացիայի հետ կապված մի շարք խնդիրներ»,- ասաց Գունար Վիգանդան:
Այն հարցին, թե արդյոք Հայաստանի ակտիվ քաղաքականությունն ու ներգրավվածությունը ԱՊՀ ուղղությամբ, մասնավորապես մաքսային միությանը միանալու ուղղությամբ չի հակասում Եվրաինտեգրացիայի գործընթացին` Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ ԱՊՀ-ն լավ գործընկերային հարթակ է և նման համագործակցությունը չի հակասում որևէ այլ պարտավորություններին թե Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում, թե Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում, և ազատ առևտրի գոտին ու մաքսային միությունը տարբեր բաներ են:

No comments: