Saturday, October 15, 2011

Սարկոզին երևանյան հայտարարությունից հետո փորձում է շահել Անկարայի սիրտը. թուրք դեսպանին հրավիրել են Ելիսեյան պալատ

Tert.am. 14-10-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունից հետո քայլեր է ձեռնարկում պաշտոնական Անկարայի սիրտը շահելու համար։ Այդ նպատակով Ելիսեյան պալատ է հրավիրվել Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով սեփական դիվանագիտական աղբյուրները։
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Նիկոլա Սարկոզիի դիվանագիտական և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լևիտը զանգահարել է Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուին և հրավիրել Ելիսեյան պալատ։ Հանդիպմանը Սարկոզիի խորհրդականը վստահեցրել է թուրք դեսպանին, թե Փարիզն ամենևին էլ չի ցանկանում լարել հարաբերություններն Անկարայի հետ։
Լևիտն ասել է, թե Սարկոզիի՝ Երևանում արած հայտարարությունները Թուրքիայում սխալ են ընկալել, և Ֆրանսիան այդ հարցում չի ցանկանում Անկարայի դեմ դուրս գալ։ Սարկոզիի խորհրդականն ասել է նաև, որ Ֆրանսիան Թուրքիային դիտում է որպես հզոր պետություն և կարևորում նրա հետ բարեկամությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլա Սարկոզին Երևան կատարած այցի շրջանակում հայտարարել էր, որ եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան կընդունի ժխտումը քրեականացնող օրենքը։ Սարկոզիին այդ հայտարարության համար կոշտ քննադատության էր ենթարկել պաշտոնական Անկարան։

No comments: