Saturday, October 15, 2011

«Մարդասպան» լռություն

«Լրագիր» 14-10-2011- Գրեթե կասկած չկա, եթե իհարկե Հայաստանի քաղաքական դաշտն ադեկվատ է հասարակական խնդիրներին, որ բանակի թեման պետք է դառնա առաջիկա խորհրդարանի ընտրության նախընտրական օրակարգի առաջնային խնդիրներից մեկը: Ընդ որում, ակնհայտ է նաեւ, չավարտված պատերազմի, կամ ոչ խաղաղություն, ոչ պատերազմի պատճառաբանությամբ այդ հեռանկարից խուսափելը ընդամենը ոչ ադեկվատության նշան է, ու այլեւս ամենեւին չի կարող համարվել ասենք ռազմաստրատեգիական կամ հայրենասիրական լռություն: Այդ լռությունը տարիների ընթացքում վերածվել է «մարդասպան» լռության, քանի որ նաեւ դրա հետեւանքով բանակում կարծրացող արատավոր մթնոլորտի զոհ են դառնում զինծառայողները:
Բանակի թեման պետք է դրվի հիմնարար կերպով, թող ամենեւին պաթետիկ չհնչի` պետք է դրվի քաղաքակրթական հիմքից, թե մենք ինչպիսի արժեհամակարգի վրա հիմնված բանակ ենք ուզում ունենալ: Ըստ դրա պետք է ձեւավորվեն գաղափարական, կառուցվածքային մոտեցումները, կառավարման մեխանիզմները: Այստեղ շատ առումով հեծանիվներ հորինելու կարիք չկա, քանի որ երբ լինի քաղաքակրթական հստակ կողմնորոշվածություն, թե ինչ արժեհամակարգ է բանակի հիմքում, ապա կառավարման տարբերակների առումով կա համաշխարհային հարուստ փորձ, եւ բավական է ընդամենն այդ փորձին հիմնարարար ծանոթություն եւ այն տեղայնացնելու միտք ու քաղաքական կամք:
Բայց այդ քաղաքակրթական ընտրությունն էլ պետք է կատարվի կամքով, որովհետեւ խոսքով Հայաստանը տարեկան մի քանի անգամ կատարում է այդ ընտրությունը` երբ արտասահմանյան պատվիրակություններ են գալիս Հայաստան, կամ երբ Հայաստանից են գնում արտասահման: Բայց երբ բանը հասնում է մեր պետական կյանքի, այդ թվում բանակի առօրյա գործունեությանը, ապա այստեղ արդեն չկա ոչ մի ընտրություն. այստեղ միայն ժառանգություն է անցյալից, որը «գենետիկորեն հարստացված» է ներկայում:
Մտահոգությունները, թե քանի որ Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը կա, ուրեմն մի փոքր ռիսկային է բանակը ենթարկել լիարժեք դիտարկման եւ վերլուծության, մեղմ ասած, տեղին չեն, հիմնավոր չեն, այն պարզ պատճառով, որ եթե բանակը ենթարկվում է իր սեփական հասարակության դիտարկմանը, ապա դա որեւէ դեպքում չի կարող վտանգավոր լինել բանակի համար, քանի որ առաջին իսկ վտանգը իր իսկ ձեռքով կչեզոքացնի հենց դիտարկող հասարակությունն ինքը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: