Saturday, October 15, 2011

Դա լավ է, վատ է, անիմաստ է. հայ մեկնաբանները՝ «Ղարաբաղյան պատի» մասին

Tert.am. 14-10-2011- Աղդամի, Տերտերի և Գերանբոյի շրջաններում Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում կառուցվող «Ղարաբաղյան պատը» , ըստ ադրբեջանական մեկնաբանների նպատակ ունի պաշտպանել սահմանամերձ շրջանի բնակիչներին «հակառակորդի կրակոցներից»։ Այն նախատեսվում է կառուցել շուրջ 3 կմ՝ 3 մ բարձրությամբ։ Տեղեկություններ կան, որ մոտ 700մ-ը արդեն պատրաստ է։
Հայ մեկնաբանների կարծիքները պատի կառուցման նպատակների վերաբերյալ երկակի են։ «Այդ պատը մի նպատակ է ունենալու՝ Հայաստանին ներկայացնել մի պետություն, որ կրակում է խաղաղ բնակչության վրա, հետևաբար ագրեսոր է. այսինքն՝ քարոզչական նպատակ ունի,- ասուլիսին նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։- Մյուս կողմից կարելի է ասել այնպես, ինչպես ասել է «Նիզավիսիմայա գազետային» հարցազրույց տված տեղում ծառայող հայ զինվորներից մեկը՝ դուք ամրագրում եք այն սահմանը, որն այսօր ստեղծվել է. մենք միայն կողմ ենք դրան»։
«Ես խիստ կասկածում եմ, որ որևէ պատ կարող է ամրապնդել անվտանգությունը։ Կա ավելի արդյունավետ միջոց, որն առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները՝ որ դիպուկահարները մի քիչ հեռանան սահմանագծից։ Հայկական կողմն ընդունել է այդ առաջարկը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է՝ «դա չի լուծի խնդիրը, ավելի լավ է հայերը հեռանան մեր հողից»։ Ըստ էության, այսպիսով, Ադրբեջանը շահագրգռված է պահպանել լարվածությունը»,- «Շանթ» ՀՏ-ի «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում նշել է «Առավոտ» օրաթերթի խմաբգիր Արամ Աբրահամյանը։
Ըստ նրա՝ պատի կառուցումը ոչ լավ է, ոչ վատ, դա «պարզապես, բացարձակապես անիմաստ է»։ Նա հիշեցրել է, որ Իսրայելը պարբերաբար պատեր է կառուցում Եգիպտոսի հետ սահմանագծին. դա որևէ կերպ անվտանգության խնդիր չի լուծում, այլ միայն անօրինական ներգաղթյալների մուտքն է խոչընդոտում։ «Չինացիները, թերևս, գծում էին իրենց սահմանը, հիմա տուրիստներն են այդ պատով քայլում։ Բայց ընդհանրապես պատ կառուցելը ավելի շուտ խորհրդանիշ է մի բանի, որ մարդիկ մի բանի շուրջ չեն կարողանում պայմանավորվել»,- ասել է Արամ Աբրահամյանը։
«Մենք, իհարկե, շնորհակալ ենք ադրբեջանցիներին և կոչ ենք անում պատը շարել ամբողջ սահմանի երկայնքով,- ասել է «Տեսանկյուն» հաղորդման հեղինակ Գևորգ Ալթունյանը,- կարող են Ղարաբաղի սահմանադրությունը վերցնել, այնտեղ նշված սահմանները նայել ու կուլտուրական, դրանց համապատասխան շարել։ Սահմանը թուղթ ու գրիչով գծելու փոխարեն տղերքը քարե պատով են նույն բանն անում։ Ու վաղը նույն «Google map» ծրագիրը տիեզերքից ցույց կտա, թե որտեղ է վերջանում Ադրբեջանի սահմանը ու որտեղ սկսվում հայկականը։ Մերսի շատ»։

No comments: