Wednesday, October 5, 2011

ԼՂՀ վարչապետ. Արցախը էլեկտրաէներգիա կմատակարարի Հայաստանին

News.am. 5-10-2011- Էներգետիկայի ոլորտում իրականացվող մի շարք ներդրումային ծրագրերի ավարտից հետո, Արցախը կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանի բաշխիչ ցանցին: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 5-ին Երեւանում հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ` ներկայում Արցախը տարեկան սպառում է մոտ 240 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից 100 մլն-ը արտադրվում է Սարսանգի ՀԷԿ-ում:
Արցախի էներգետիկ զարգացման ծրագրով նախատեսվում է զարկ տալ փոքր ՀԷԿ-երի շինարարությանը: Դրան նպաստում է այն հանգամանքը, որ 2007 թ. հավասարեցվել է Արցախում եւ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը:
Ա. Հարությունյանի տեղեկացմամբ` արդեն ավարտված է Թրղե 1 ՀԷԿ-ի շինարարությունը, իսկ Թրղե 2-ինը կավարտվի այս տարվա հոկտեմբերին: 2012 թ. կսկսվի եւ ավարտին կհասցվի Թրղե 3 ՀԷԿ-ի շինարարությունը: Նշենք, որ Թրղե փոքր ՀԷԿ-երի կասկադը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում, Սարսանգի ջրամբարի ձախակողմյան լանջի վերեւում:
2012 թ. առաջին եռամսյակում կգործարկվեն նաեւ Մատաղիս-1 եւ Մատաղիս-2 ՀԷԿ-երը: Նախատեսվում է կառուցել նաեւ Սյունիք-1 եւ Սյունիք-2 ՀԷԿ-երը, եւս 1 ՀԷԿ` Քաշաթաղի շրջանի Աղավնի գետի վրա: Զուգահեռ վերակառուցվում է Սարսանգի հէկ-ը, որի արտադրողականությունը կբարձրանա 30 տոկոսով:
Այս բոլոր շինարարարկան աշխատանքների ավարտից հետո Լեռնային Ղարաբաղում կարտադրվի տարեկան 300 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա` զգալիորեն ավելի, քան ներքին պահանջարկն է: Լրացուցիչ էլեկտրաէներգիան, ըստ ԼՂՀ վարչապետի, կմատակարարվի Հայաստանին:

No comments: