Saturday, October 1, 2011

Ա.Մարկարովը ` Վարշավյան հռչակագրի կարևոր դրույթների մասին

Panorama.am. 30-9-2011- Սեպտեմբերի 29-30-ին Վարշավայում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» անդամ պետությունների ղեկավարների ու ԵՄ երկրների կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը , որի ընթացքում ստորագրվեց Վարշավյան հռչակագիրը: Հռչակագրի վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեցինք քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովից:
«Փաստորեն մենք խոսում ենք այն փաստաթղթի մասին, որն ընդգրկում է մի քանի հիմնական կետեր, որոնք վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին` ներգրավված Արևելյան գործընկերության ֆորմատի մեջ»,-Panorama.am- հետ զրույցում` նշեց քաղաքագետը:
Հաջորդիվ նա պարզաբանեց, թե ի՞նչ հիմնական ու կարևոր դրույթներ է պարունակում այդ հռչակագիրը. «Նախ, կարևորվում է համագործակցությունը, կայունության զարգացումը և փոխադարձ վստահության կառուցումը...Այս երեք էլեմենտներն են, որ կարևոր են ոչ միայն ընդհանուր Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար, այլ, մասնավորապես, մեր տարածաշրջանի համար: Եվ եթե խոսենք ընդհանուր առմամբ, ապա դրանք որոշակիորեն բացակայում են մեր տարածաշրջանում` հատկապես, երբ խոսքը Ադրբեջանի մասին է»,- պարզաբանեց նա:
Ինչ վերաբերում է փոխադարձ վստահության դրույթին, ապա, շեշտեց Մարկարովը, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ փոխադարձ վստահությունը ոչ միայն ցածր մակարդակի վրա է, այլ ընդհանրապես բացակայում է: Այդ իսկ պատճառով հռչակագրում շեշտադրվում է փոխադարձ վստահության խնդիրը որպես հենարան հետագա համագործակցության համար:
Շարունակելով բացել հռչակագրի փակագծերը Panorama.am-ի զրուցակիցը կանգ առավ այն դրույթի վրա, որ վերաբերում է հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ու սկզբունքներին, որոնք անհրաժեշտ է կիրառել կամ հիշատակել հակամարտությունների կարգավորման համար.
«Դրա ակունքները, որ մատնանշում է հռչակագիրը, մենք պարտավոր ենք գտնել միջազգային իրավունքի սկզբունքներում»,- ընդգծեց քաղաքագետը:
Հաջորդը` սահմանների անձեռնմխելիությունը.
«Այս իմաստով փաստաթղթի մեջ տեղ են գտել այն սկզբունքները, որոնք առաջին հերթին ներկայացվում են միջազգային քննարկումներում և մեր արտաքին գերակայություններից մեկն են հանդիսանում: Մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում»,- հավելեց Մարկարովը:

No comments: