Saturday, October 15, 2011

Արիել Քոեն. Հրեական լոբբին չի աջակցի, բայց եւ չի խոչընդոտի Հայոց ցեղասպանության օրինագծին

News.am. 15-10-2011- ԱՄՆ-ի հրեական հրեական գլխավոր կազմակերպության ներկայիս կողմնորոշումն է չաջակցել, բայց եւ չխոչընդոտել Հայոց ցեղասպանության օրինագծին: Այդ մասին հայտարարել է ամերիկյան Heritage ինստիտուտի վերլուծաբան Արիել Քոենը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով թուրք-հրեական հարաբերությունների վատթարացումը:
«Թուրքերն այլեւս չեն կարող հույս դնել հրեական լոբբիի վրա: AIPAC հրեական գլխավոր կազմակերպությունը ներկայիս կողմնորոշումն է չաջակցել, բայց եւ չխոչընդոտել Հայոց ցեղասպանության օրինագծին: Մյուս հրեական միությունների դիրքորոշումը պակաս կարեւոր է: Գիտենք նաեւ, որ էթնիկ հրեա կոնգրեսմենների մեծ մասն աջակցում են օրինագծին արդեն մի քանի տարի շարունակ: Կարծում եմ որոշակի շարժ եւ դինամիկա կլինի դեպի օրինագծի հաստատումը: Ճիշտ այնպես ինչպես Ֆրանսիայում եղավ կամ Շվեդիայում եւ մյուս խորհրդարաններում»,- նշել է վերլուծաբանը:
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը Իսրայել-Հայաստան, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների վրա, Քոենը պատասխանել է. «Հայաստանը Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունի: Իսրայելը` ոչ: Թեեւ ժամանակին, շահի օրոք, լավ հարաբերություններ են եղել: Իսրայելը բարեկամություն է անում Ադրբեջանի հետ, նավթ է գնում: Տեսնում ենք նաեւ, որ Թուրքիան ճնշում է կիրառում Ադրբեջանի հանդեպ, որպեսզի Բաքուն սահմանափակի հարաբերությունները Իսրայելի հետ: Հուսամ, Բաքուն այլ կերպ կվարվի: Թեեւ Իսրայելը չի գնա Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացմանը, սակայն Երեւանի եւ Երուսաղեմի միջեւ որոշակի ջերմացում ակնկալում եմ»,- նշել է Քոենը:
Դիտարկմանը, որ Թուրքիայի քայլերով հակասականություն է նկատվում, քանի որ խոսում են Գազայի շրջափակումը վերացնելու մասին, բայց փակ են պահում Հայաստանի հետ սահմանը, ամերիկացի վերլուծաբանը պատասխանել է. «Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը Համասը համարում են տեռորիստական կազմակերպություն: Համասը հայտարարում է, որ ոչնչացնելու են ոչ միայն Իսրայել պետությունը, այլեւ հրեա մարդկանց: Այսինքն բնույթով նացիստական միություն է: Սակայն ուշադրություն դարձեք, Թուրքիան, Պաղեստինի հետ բարեկամություն անելիս, գործակցում է ոչ թե Մահմուդ Աբասի, այլ հենց Համասի հետ: Մինչդեռ երբ Համասը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ` Թուրքիան լռում է: Նույն թուրքերը շարունակում են պատերազմել քրդերի հետ: Ի՞նչ է սա, եթե ոչ երկերեսանիություն»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Քոենը նկատել է. «Ճիշտ այնպես ինչպես Թուրքիան աջակցում է Համասին` ճակատային ձեւով հակադրվելով Օբամայի վարչակազմի քաղաքականությանը, նույն կերպ Էրդողանը չանսաց Հիլըրի Քլինտոնի հորդորներին` Երեւանի հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ: Վաշինգտոնում չեն կարողանում ընկալել այս քայլեր եւ հարց է առաջանում, Թուրքիան դաշնակից է, թե` ոչ: Թուրքիան հիմա առվազն գլխացավանք է մեզ համար, իսկ առավելագույնը` կորուսյալ դաշնակից»:

No comments: