«Լրագիր» 29-10-2011- Մեր քաղաքացիները երբեմն հուսախաբությունից ու հուսահատությունից վհատված դժվարանում են տալ սոցիալական անարդարության և իրենց թշվառ ու անտեր վիճակի իրական բացատրությունը։ Ինչ խոսք, կարողանում են տրամաբանական ու ճիշտ հարցադրումներ անել՝ ելնելով ընդհանուրիս պետության տեսլականից, բայց հենց այստեղ էլ թաքնված է շան գլուխը։ Մենք մոռանում ենք մի շատ պարզ ու նույնքան էլ ոչ նոր ճշմարտություն՝ կա երկու պետություն:
Այսպես, երբ վարչապետը խոսում է տնտեսական կամ մակրոտնտեսական աճի մասին, մեր թոշակառուներն ու սոցիալական անապահով մյուս խավերի ներկայացուցիչները քիչ է մնում բղավեն՝ ու՞ր է այդ աճ կոչեցյալը, ու՞ր են այդ բարեփոխումները, ինչու՞ դրանք չեն անդրադառնում մեր ընտանիքների միջին եկամուտների վրա: Դժվար է մեր թոշակառուներին բացատրել, որ չեն անդրադառնում, քանի որ դրանք բացարձակապես ոչ մի կապ չունեն հանրային կենսամակարդակի հետ: Դրանք կապ չունեն մեզ՝ շարքային քաղաքացիերիս, հետ։ Դրանք իրենց՝ իշխանավորներին են վերաբերվում։
Հիշու՞մ եք հին ու բարի խորհրդային անեկդոտը։ Հերթական կուսհամագումարի ժամանակ Բրեժնևն ամբիոնից ասում է՝ հաջորդ հնգամյակում մենք ավելի լավ ենք ապրելու։ Իսկ մե՞նք՝ բղավում է դահլիճում նստածներից մեկը։
Նրանք և մենք։ Երկու տարբեր շահեր, երկու տարբեր պետություններ։ Սա է դառը իրականությունը, որը պարզապես պիտի փաստել։ Չզարմանալ, չնեղանալ, չբորբոքվել, սրտին մոտ չընդունել։ Պարզապես փաստել, հասկանալ ու մտածել անելիքի մասին։
Այն, ինչը չենք հասկանում ու չենք կարողանում մարսել՝ դա նրանց պետությունում է, իշխանության պետությունում, իշխանավորների ու նրանց մերձավորների պետությունում։ Իշխանությունն, այո, պետություն է դարձել պետության մեջ։
Իշխանությունն առանձին պետություն է իր առանձին բյուջեով (նրանցը ստվերային բյուջեն է ամբողջությամբ և ոչ ստվերայինի մեծ մասը), իր առանձին անվտանգության համակարգով, իր առանձին արտաքին քաղաքականությամբ (արտերկրում մեր դեսպանատները ոչ թե պետության, այլ հենց իշխանության ներկայացուցչություններն են, որոնք գործում են իշխանության, այլ ոչ թե երկրի շահերի շրջանակներում), իր առանձին լրատվամիջոցներով (այդ թվում՝ հանրայինի քողի տակ), իր առանձին օրենսդրությամբ՝ խաղի կանոններով, իր առանձին դատական համակարգով, իրեն հարիր և իր համար հասկանալի ընդդիմությամբ և այլն, և այլն:
Նրանց պետությունը բարգավաճ պետություն է։ Գնաճ, սղաճ, դրամի արժևորում, ճգնաժամ, շրջափակում և այլն գոյություն ունեն ոչ նրանց պետության համար։ Դրանք մեր՝ թշվառ ու անտեր պետության համար են։ Մենք ապրում ենք մի երկրում ու մի ժամանակահատվածում, երբ առկա են լուրջ հնարավորություններ ու լուրջ մարտահրավերներ։ Նրանց պետությունը իրեն է ընձեռել հնարավորությունները, մարտահրավերները զիջելով մեզ՝ ժողովրդին։ Աշխատանքի ահա այսպիսի բաժանում. մենք զբաղվում ենք մարտահրավերներով, նրանք՝ հնարավորություններով։
Նրանք շատ լավ գիտեն, որ իրենց պետությունն առանձին է, բայց նրանց ձեռնտու է այդ պետությունը որպես համընդհանուր ներկայացնելը, թեև բոլորիս համար էլ պարզ է, որ մեր բյուջեն, անվտանգության համակարգ-չհամակարգը և այլն միանգամայն այլ են, քան իրենցը։
Մեր մտավոր ու հոգեկան խառնաշփոթն էլ գալիս է հենց այստեղից։ Մենք դատում ենք ընդհանուրիս պետության տրամաբանությամբ ու միսներս ուտում՝ բա այդ ո՞նց է, որ նրան կարելի է, իսկ ինձ չի կարելի, ինչու՞ նա պաշտպանված է, իսկ ես՝ ոչ։
Մեր հոգեկան տվայտանքներին, անիմաստ ու մանկական զարմանք-զայրույթին վերջ տալու և, ամենակարևորը, մեր անելիքները գիտակցելու համար պետք է հստակ տարանջատենք մեր և իրենց պետությունները։ Մենք պիտի կարողանանք չապրել նրանց պետությունում՝ կարողանալով ապրել մերում։ Մենք պիտի հստակ տարանջատենք մեր պետությունը նրանց պետությունից, պիտի հոգեպես ու ֆիզիկապես սահմանազատվենք նրանցից։ Մենք պիտի կարողանանք դուրս գալ նրանց խաղադաշտից, նրանց սահմաններից, հուսալիորեն պաշտպանել մեր սահմանները։
Մենք կարող ենք և պարտավոր ենք նոր միջավայր ստեղծել։ Ինքներս մեզ համար։ Որպեսզի հետո կարողանանք այն դարձնել համընդհանուր։
Երբ ընկալում ես սա՝ արդեն անձերը (նրանց պետության) երկրորդական են դառնում, արդեն հասկանում ես, որ անձերի դեմ չէ, որ պիտի կռվես, որ անիմաստ է ուշադրության կենտրոնում նրանց պահելը։ Որ ընդհակառակը՝ պիտի նրանց պարզապես մոռանալ՝ նրանց ու իրենց պետությունը։ Չխոսել նրանց մասին, չգրել նրանց մասին։ Նրանք իրենց պետությունը դարձրել են սուպերմարկետ, իսկ մենք էլ սպառողներն ենք։ Չսպառենք նրանց։ Չսպառենք նրանց արտադրանքը, նրանց մտքերը, նրանց հոգսերը, նրանց բարքերը։
Մենք ունենք մի մեծ առավելություն՝ մեր պետությունը ճանաչված է։ Համայն աշխարհում։ Նրանցը ճանաչված չէ և նման հեռանկար էլ չունի՝ այդպիսի պետությունները երբեք չեն ճանաչվում։ Նրանք ճանաչվում են մեզնով՝ մեր պետությամբ։ Ուրեմն՝ չպիտի նրանց տանք այդ շանսը։ Նրանց պետությունը եթե ճանաչված չէ ժողովրդի կողմից՝ ուրեմն ոչ ոքի կողմից էլ ճանաչված չէ։ Իսկ մենք չենք ճանաչում նրանց պետությունը, ինչն ապացուցում ենք Աստծո ամեն օր։
Մեր պետությունը (ոչ նրանցը) դեռևս չի կայացել, և դրա հիմնական պատճառն այն է, որ մեզ թվում է, թե նրանց պետությունն էլ է մերը։ Այդպես չէ իրականում։ Մենք պիտի կարողանանք հիմնադրել մեր պետությունը՝ իր հիմնական ատրիբուտներով, մինչև հասնենք այն երանելի հանգրվանին, երբ կունենանք մեկ ընդհանուր պետություն, երբ մեր պետությունը, պետության մեր տեսլականը կդառնա համընդհանուր։ Մենք պիտի կարողանանք ձևավորել մեր պետության ատրիբուտները, սկզբնական փուլում համընդհանուր պահելով հանրային անվտանգության և հանրության կենսագործունեության համար խիստ անհրաժեշտ տարրերը միայն։
Դա կարելի է անել ոչ այսօրվա ընկալմամբ իշխանափոխության և ոչ այսօրվա ընկալմամբ հեղափոխության միջոցով։ Դա հնարավոր չէ անել այսօրվա մթնոլորտով անցկացվող ընտրություններով՝ հերթական կամ արտահերթ։ Դա նրանց ընտրություններն են։ Այսօր մենք կարող ենք կազմակերպել մեր ընտրությունը։ Այսօրվա մեր հնարավորությունները, առկա համացանցային և այլ մեխանիզմները, մեր քաղաքական ինքնագիտակցության մակարդակը թույլ են տալիս մեր պետությունը հիմնադրել առանց նրանց պետության մեխանիզմների, առանց նրանց ընդհանրապես։
Մենք պիտի հարմարվենք մեր նոր պետությանը, մենք պիտի հավատանք մեր պետության ապագային, մենք պիտի կարողանանք ապրել մեր պետության առօրյայով։ Մերը դառնալ ցանկացող լրատվամիջոցները կլուսաբանեն միայն մեր պետության առօրյան ու այդքան շատ ուշադրություն չեն դարձնի նրանց պետության առօրյային, անիմաստ կերպով չեն խրվի նրանց պետական անձանց գործունեության ամենօրյա լուսաբանման, իմա՝ կամա թե ակամ ճանաչման ու ինքնահաստատման մեջ։ Չենք խոսի այն մասին, թե ով ում հետ ինչ հարաբերությունների մեջ է նրանց պետությունում, ով ում հետ կլինի այս կամ այն ընտրությունում, նրանց իշխանությունն ինչ է ասել ընդդիմության մասին, ընդդիմությունն ինչ է ուզում նրանցից և այլն, և այլն։ Նորերս հայտնի դարձավ, որ լրագրողները բոյկոտում են մի անփառունակ կուսակցության խորհրդարանական խմբակցության ճեպազրույցները։ Ուրեմն՝ հնարավոր է, ուրեմն՝ նրանց բոլորին սա պիտի վերաբերվի։
Կամաց-կամաց կսովորենք խոսել մեր պետության մասին, ապրել մեր պետության առօրյայով։ Ինքներս էլ շուտով մի գեղեցիկ օր կնկատենք, թե ոնց պրծանք նրանց պետությունից, նրանց տհաճ դեմքերից ու դեպքերից, կտեսնենք, թե որքան համակրելի ու խոստումնալից է մեր պետությունը։ Այնքան, որ արդեն ոչ ոք մեզ չի կարողանա ստիպել հրաժարվելու մեր պետությունից, մեր երազանքից, մեր տեսլականից։ Ու ամեն գնով կպաշտպանենք այն, անգամ եթե նրանց պետությունը նախահարձակ լինի։ Որովհետև մենք մեր պետությունը դրսի ոտնձգություններից պաշտպանելու ոչ միայն անկապտելի իրավունք ունենք, այլև պարտականություն։
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

No comments:
Post a Comment