Saturday, October 29, 2011

«ՄԵՀՐ». Նախիջևանում կայանալիք Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվում է

Panorama.am. 29-10-2011- «Թեև Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ալի Աքբար Սալեհին, Էլմար Մամեդյարովը և Ահմեդ Դավութօղլուն ս.թ. մարտ ամսին Ուրմիայում կայացած առաջին եռակողմ հանդիպման ավարտին հայտարարեցին, որ հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբեր ամսին` Նախիջևանում, սակայն վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների պատճառով այն անորոշ ժամանակով հետաձգվում է»:
Այդ մասին նշված է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության կայքում թողարկված վերլուծական հոդվածում:
«Ադրբեջանի սահմանապահների կողմից իրանցի զինծառայողին սպանելու փաստը ստվեր գցեց Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա և երկու երկրներին կանգնեցրեց նոր մարտահրավերների առջև: Ուստի, թե իրանցի զինվորի սպանությունը, թե Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը առիթ հանդիսացան, որպեսզի անորոշ ժամանակով հետաձգվի Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումը»,-նշված է հոդվածում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին` ժամը 14-ի սահմաններում սահմանային Արանլի գյուղի շրջակայքում ադրբեջանա-իրանական սահմանն անցնելու ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ տեղի ունեցած զինված բախման արդյունքում զոհվել էր Իրանի սահմանապահ ծառայության 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը:
Միջադեպի առնչությամբ` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվեց ԱԳՆ, որտեղ նրան հանձնվեց իրանական կողմի բողոքի նոտան:

No comments: