«Լրագիր» 7-10-2011- Երեւանում Ֆրանսիայի հրապարակում հոկտեմբերի 7-ի առավոտյան բացվել է Ռոդենի քանդակը, որը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը: Բացմանը ներկա են եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները, ով պետական այցով ժամանալ է Հայաստան:Հրապարակում են մի քանի հարյուր քաղաքացիներ: Ի դեպ, տեղեկություն կա, որ նրանց մի մասը բուհերի ուսանողներ են, որոնց պարզապես հրահանգել են մասնակցել այդ միջոցառմանը: Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, ով Երեւանում շրջել եւ երեւանցիների հետ շփվել է նաեւ հոկտեմբերի 6-ի գիշերը Հանրապետության հրապարակում, նաեւ Ֆրանսիայի հրապարակում է մոտեցել քաղաքացիներին եւ զրուցել նրանց հետ:
Սարկոզին եւ Սերժ Սարգսյանը նաեւ ողջույնի ելույթ են ունեցել Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված միջոցառմանը: Սարկոզին իր ելույթի մեջ հայերեն արտասանել է Ցեղասպանություն բառը, այդպես որակելով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածը:
Ի դեպ, Սարկոզին այդ թեմային անդրադարձել է նաեւ առավոտյան նախագահի նստավայրում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, ասելով, որ Թուրքիան պետք է ընդունի պատմական իրողությունը եւ հաշտվի փաստերի հետ: Սարկոզին ասել է, որ եթե Թուրքիան շարունակի մերժել ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան արդեն այլ կերպ կվարվի Ցեղասպանության ուրացման համար քրեական հետապնդում սահմանելու հարցում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում այդ մասին օրինագիծը առկախվել է, այդ թվում եւ Սարկոզիի միջամտության արդյունքում: Հիշեցնենք նաեւ, որ Ֆրանսիան առաջին երկիրն է, որ հայերի Ցեղասպանությունը ճանաչել է օրենքով:
Սարկոզին հայտարարել է նաեւ, որ Թուրքիային համարում է յուրօրինակ կամուջ արեւմուտքի եւ արեւելքի միջեւ, բայց հայտարարել է, որ այդ երկրին ոչ հիմա, ոչ ապագայում չի տեսնում Եվրամիության կազմում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment