Wednesday, October 5, 2011

Իշխանությունը երբ կդիմի Կոնգրեսին

«Լրագիր» 5-10-2011- Կոալիցիան ու Կոնգրեսը, որ ամառային շոգին “գրկախառնվել” էին, եղանակի ցրտելուն զուգահեռ մերժեցին իրար: Կոալիցիան պահանջեց դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները, որ համաձայնի նորից “գրկել” Կոնգրեսին, իսկ Կոնգրեսն էլ հայտարարեց, որ Կոալիցիայի “գրկելն” իրեն արդեն չի հետաքրքրում եւ ինքն արդեն նախընտրում է բացառապես ժողովրդական “գիրկը”: Բայց, միեւնույն ժամանակ հայտարարվեց, որ Կոնգրեսը կմտածի կոալիցիային նորից “գրկելու” մասին, եթե կոալիցիան ինքը շատ խնդրի:
Կարո՞ղ է արդյոք դա նշանակել Հայաստանում սկսված ներքաղաքական “սիրավեպի” ավարտ: Փաստացի, թվում է, որ երկխոսությունն այլեւս անվերադարձ կորել է: Բայց, ըստ ամենայնի, կողմերը տրամադրված են երկխոսությունը շարունակելու եւ թերեւս նաեւ գիտակցում են, որ այն հարկ է լինելու շարունակել: Իսկ ուրիշ ինչ անեն, եթե չշարունակեն: Ինչ տարբերակ ունեն Կոնգրեսն ու կոալիցիան, եթե ոչ շարունակել երկխոսություն կոչված գործընթացը:
Կոնգրեսը հայտարարել է իր տարբերակի մասին` ժողովրդական մոբիլիզացիա: Շուրջօրյա հանրահավաքները, որպես դրա առաջին քայլ, կարծես թե այդքան էլ չեն լուծում այդ խնդիրը: Համենայն դեպս, անցած օրերի մոբիլիզացիան կարծես թե բավարար չէ, որպեսզի իշխանության վրա լինի այն ճնշումը, ինչի մասին հայտարարում է Կոնգրեսը: Իշխանությունն իրեն ճնշված կզգա թերեւս այն դեպքում, երբ Կոնգրեսի հանրահավաքներն ապահովեն գոնե կեսն այն հանրահավաքների, որ եղան մարտին եւ ապրիլին: Կարո՞ղ է արդյոք Կոնգրեսը ապահովել այդ մասշտաբը:
Կարող է, բայց գարնանային ալիքից հետո դա կլինի բավական դժվար, որովհետեւ այդ ալիքի մասնակից հանրային շերտերը չտեսան սեփական խնդիրների լուծում, ու հիմա նրանց դժվար, բավական դժվար կլինի համոզել, որ երկրորդ ալիքը լուծելու է նրանց խնդիրները: Համոզել թերեւս կստացվի այն դեպքում, երբ երկրում լինի կոնկրետ նախընտրական իրավիճակ` ընտրությունների հստակ օրվա սահմանմամբ: Հետեւաբար, քանի դեռ իշխանությունը չի հայտարարել արտահերթ ընտրության օրը, Կոնգրեսին ժողովրդական քիչ թե շատ շոշափելի մոբիլիզացիա կհաջողվի ապահովել թերեւս հերթական ընտրության շեմին:
Դա հնարավոր է իհարկե ավելի շուտ անել, բայց այն դեպքում, երբ հաջողվի ընդլայնել ընդդիմադիր, քաղաքացիական “կոալիցիան”:
Դա պահանջում է ընդդիմադիր մարտավարության եւ հռետորաբանության նոր մոտեցումներ, նոր շեշտադրումներ, ինչ որ տեղ նույնիսկ որոշակի զղջման տարրեր ու տրամադրություն, առավել եւս, որ դրա համար կան թե վաղ, թե ոչ վաղ անցյալի հիմքեր: Բայց Կոնգրեսը, որ կարծես թե այժմ բավարար չափով ծանրակշիռ չէ, որ միայնակ ապահովի անհրաժեշտ մոբիլիզացիա, այդուհանդերձ բավական “ծանրամարմին” է անհրաժեշտ ճկունություն ցուցաբերելու, մարտավարական եւ հռետորաբանական վերանայումներ, խմբագրումներ ու սրբագրումներ կատարելու համար:
Ներկայիս ժամանակն ու ներքաղաքական իրավիճակը թերեւս հենց այդպիսի որակներ են պահանջում ընդդիմադիր դաշտի առաջատարից, առավել եւս, որ Կոնգրեսը կամ դրա հիմք կազմած նախընտրական շարժումն առավելապես հենց այդ որակների հաշվին կարողացավ ապահովել 2008 թվականի ժողովրդական մոբիլիզացիան:
Ինչ կարող է անել իշխանությունը, առանց երկխոսության: Իշխանությունն անելու մի բան ունի` իրականացնել համակարգային փոփոխություններ կամ ժամանակ ձգել մինչեւ հերթական ընտրությունը, երբ նախընտրական ծախսերի միջոցով մի փոքր հնարավոր կլինի թեթեւացնել սոցիալ-տնտեսական լարվածությունը եւ գուցե հնարավոր լինի նաեւ նոր վարկեր կամ դրամաշնորհներ գտնել տնտեսական որոշակի, թեկուզ կարճաժամկետ էֆեկտներ ստանալու համար: Թեեւ Արեւմուտքը կարծես թե մտադրվել է այլեւս փողեր տալ կոնկրետ փոփոխությունների դիմաց, բայց մեկ էլ տեսար Պուտինը “մաղարիչ” անի վերադարձի համար եւ մի քանի տասնյակ կամ հարյուր միլիոն վարկ տա Հայաստանին փոփոխություն չանելու դիմաց: Թեեւ մեկը լինի Պուտինին փող տա, երբ աշխարհում նվազում է նավթի գինն ու հասունանում ճգնաժամի նոր ալիք:
Հետեւաբար, կարծես թե ձեւավորվում է մի իրավիճակ, երբ իշխանության համար դրսից փող ճարելն ու ներսում համակարգային իրական բարեփոխում անելն իրենց իրականացվելիության առումով դառնում են հավասարապես դժվար, կամ այսպես ասած ավելի դժվարանում է փող ճարելը, քան ներսում համակարգային փոփոխություն անելը: Պարզապես այդ իրողությունը թերեւս դեռ դժվար է հասնում իշխանության գիտակցությանը:
Այդ պարագայում շատ հավանական է, որ իշխանությունը, շարունակելով խուսափել համակարգային դինամիկ բարեփոխումներից, ժամանակ ձգելու տրամաբանությամբ փորձելու է վերադառնալ Կոնգրեսի հետ երկխոսության, Կոնգրեսին համոզելու համար իհարկե գնալ որոշակի փոխզիջումների:
Կոնգրեսն արդեն հայտարարել է, որ եթե իշխանությունը դիմի, ինքը կքննարկի վերադարձի դիմումը: Չի բացառվում, որ վերադարձի իշխանության դիմումը պայմանավորված կլինի նրանով, թե վերադարձի ինչ “դիմում” կներկայացնի Ռոբերտ Քոչարյանը, որին դրա բարոյական եւ քաղաքական իրավունքը արդեն “տվել” է իշխանության մեջ երկրորդը հանդիսացող ԲՀԿ-ն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: