Tuesday, November 15, 2011

Սյունիքի մարզպետը ծեծել է Սիլվա Համբարձումյանին

Tert.am. 14-11-2011- «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին: Գործարար կինն ինքն է հեկեկալով այդ մասին պատմել լրատվամիջոցներին:
Ըստ նրա, ինքը հանդիպման է եղել հյուրանոցում, երբ հանկարծակի վրա հասած Սյունիքի մարզպետն առանց որևէ բառ ասելու հարձակվել է նրա վրա:
Ըստ տիկին Համբարձումյանի, եթե չլիներ միջադեպին ներկա պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի ու Սամվել Սարգսյանի միջամտությունը, Սուրեն Խաչատրյանն արդեն ոտքերով կհարվածեր իրեն:
Գործարարը դեպքի առնչությամբ դիմել է ոստիկանություն:
Հիշեցնենք, որ Հայաստանում հանքավայրի շահագործմամբ զբաղվող կին գործարար և խոշոր ներդրող Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է Եվրոպական դատարանի միջոցով ետ ստանալ «Լիճվազք Թեյի» ոսկու հանքավայրում ներդրած 3,5 մլն դոլարը, որը, ինչպես ինքն է պնդում, կորցրել է ապօրինությունների պատճառով։
Անցյալ շաբաթ նա լրագրողներին պատմել էր, որ հանքավայրի շահագործման թույլտվությունն իրենից ապօրինաբար են խլել, և դրա ետևում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Ըստ գործարարի` վերջինս «Լիճվազք Թեյի» հանքավայրից յուրացրել է 102 մլն դրամի սարքավորում` իրեն պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում օգտագործելու նպատակով, իսկ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին վերոնշյալ հանքի շահագործման իրավունքը «աճուրդով» փոխանցվել է «Սագամար» ընկերությանը, որը, նրա խոսքով, պատկանում է վարչապետի նախկին խորհրդական, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանին:
Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ իր իրավունքները պաշտպանելու է մինչև վերջ։ Նա ավելի վաղ այս հարցով դիմել է Գլխավոր դատախազությանը, իսկ այժմ էլ պատրաստվում է դիմել Եվրոդատարան՝ հույս ունենալով ետ ստանալ հանքավայրում ներդրած իր 3,5 մլն դոլարը:

No comments: