Monday, November 21, 2011

Հույսի եւ հուսախաբության օբյեկտ

«Լրագիր» 21-11-2011- Երեւանի քաղաքապետի փոփոխության գործընթացը անուղղակիորեն, ընդ որում կարծես թե իշխանության ամենաբարձր մակարդակով վկայեց, թե Հայաստանի կառավարման գործընթացում որքան ցածր է Սահմանադրության եւ օրենքի դերը, գիտակցումը:
Ելույթ ունենալով նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնամուտի արարողությանը, Սերժ Սարգսյանը հայտարարեց. “Տարոն, դու մեզ ու բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես”:
Երեւանի քաղաքապետի վրա կարծես թե դրվում է անհամաչափ լայն մի առաքելություն: Ու դա ոչ միայն Հայաստանի կառավարման համակարգի առկա տրամաբանությանը հակառակ, երբ ասենք քաղաքապետը չի կարող Երեւանում ծավալվող օլիգարխիական շահը սահմանափակել հանուն երեւանցիների եւ Երեւանի, մինչեւ նրան համապատասխան թույլտվություն չտան նախագահի նստավայրից:
Առաքելությունը կարծես թե անհամաչափ է նաեւ զուտ օրենսդրական տեսանկյունից: Բանն այն է, որ Երեւանն ունի Ավագանի: Ավելին, փաստացի, երեւանցին հենց այդ Ավագանին է ընտրում, որն էլ հետո միայն ընտրում է քաղաքապետին: Այսինքն, քաղաքի կառավարման տեսանկյունից, օրենսդրության տրամաբանությունից ելնելով, ինչպես նաեւ ելնելով Ավագանուն օրենքով վերապահված լիազորությունների եւ իրավասությունների ամբողջությունից, Երեւանի կառավարման հարցում կարեւոր է Ավագանու, քան քաղաքապետի գործունեությունը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ եթե քաղաքապետը լավ չաշխատի, Ավագանին կարող է անվստահություն հայտնել նրան եւ ընտրել նոր քաղաքապետ:
Այդ պարագայում, քաղաքապետի պաշտոնը զուտ օրենսդրական տրամաբանությունից ելնելով էլ ստանում է որոշակի այսպես ասած տեխնիկական բնույթ, պարզապես արդեն ոչ թե նախագահի նստավայրի՝ ինչպես կառավարման համակարգի բնույթն է ենթադրում, այլ Երեւանի Ավագանու հանդեպ, ինչպես ենթադրում է օրենքի տրամաբանությունը:
Այդպիսով, հույսի եւ հուսախաբության գլխավոր օբյեկտը թերեւս պետք է լինի Երեւանի Ավագանին, ոչ թե քաղաքապետը: Ավագանին է թերեւս մայրաքաղաքի կառավարման կարեւոր, առանցքային օղակը:
Վերջապես, քաղաքապետի ընտրությանը թերեւս չպետք է տրվի այնքան նշանակություն, որ երդմնակալությանը մասնակցի եւ ելույթ ունենա հանրապետության նախագահը: Բանն այն է, որ դրանով կարծես թե ընդամենն ընդգծվում է Հայաստանի հենց այն կառավարման բնույթը, որը հակառակ է օրենքի տրամաբանությանը. նախագահը մասնակցում եւ ելույթ է ունենում, որպեսզի հանկարծ որեւէ մեկը չկասկածի, թե մայրաքաղաքի կառավարումը դուրս է եկել Հայաստանի իշխող համակարգի տրամաբանությունից եւ հայտնվել այսպես ասած օրենքի տրամաբանության դաշտում:
Այլ կերպ ասած, նախագահի ելույթները արարողակարգ են, որը կիրառվում է թերեւս այն նպատակով, որ նախագահը ի լուր բոլորի ցույց տա, թե ով է քաղաքում իսկական “տերը”:
Այդպես, Երեւանի քաղաքապետը գտնվում է դե ֆակտո նախագահի նստավայրի ներքո, իսկ Երեւանի Ավագանին էլ դե ֆակտո գտնվում է Երեւանի քաղաքապետի ներքո: Քաղաքապետն անում է այն, ինչ կասի նախագահի նստավայրը, իսկ Ավագանին էլ հաստատում այն, ինչ կասի քաղաքապետը:
Դա իհարկե նորություն չէ, բայց թերեւս ամեն անգամ, կամա, թե ակամա, նորից հավաստվում է ամեն նոր քաղաքապետի պաշտոնամուտին զուգահեռ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: