Monday, November 21, 2011

Իրավիճակը կամաց-կամաց մոտենում է պայթյունի

Top-news.am. 21-11-2011- Մենք ապրում ենք մի աշխարհում, իրենք՝ այլ, եւ տարօրինակ է, որ այս ամենը կոչվում է Հայաստանի երրորդ հանրապետություն։ Կառավարություն-ժողովուրդ հարաբերության մասին այս կարծիքն է հայտնել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Գալա» հեռուստատեսության «Գալա news հավելված»-ում հյուրընկալվելով։
Երրորդ հանրապետությունն, ըստ նրա, իրականում չկայացած պետություն է։ «Մեր երկիրը մի օկուպացված տարածք է, մի սննկացած բանկ, որին մեծ տերերը դրել են արտաքին կառավարում, եւ մարդիկ, ովքեր իրենց հռչակել են նախագահ, նախարարներ, պատգամավորներ, կատարում են դրսի պատվերը, իսկ տերերն էլ իրենց պահում են՝ իբրեւ շղթայված շներին»,- ասել է նա։ Ըստ կինոռեժիսորի՝ եթե մենք հասկանանք դա, հասկանանք, որ երկիրը չի կայացել, ավելի հեշտ կլինի հասկանալ՝ ինչ է պետք անել։ «Մենք օկուպացված ենք եւ պետք է ազատագրենք մեր երկիրը, քանի որ մարդիկ, ովքեր սեփական ժողովրդին են բռնաբարում, սպանում, կեղեքում, պակաս թշնամի չեն, քան արտաքին թշնամին։ Եվ հիմա ավելի դանդաղ, քան պետք է, բայց իրավիճակը մոտենում է պայթյունի»,- ասաց նա։
Արտագաղթելու փոխարեն նա պայքարելու կոչ է արել. «Ժողովուրդ, մեր տուն գողեր-ավազակներ են մտել. ի՞նչ է պետք անել. թողնել տունն ու փախչել մի ուրի՞շ տեղ, որտեղ մեզ չեն ճանաչում, չեն սիրում, թե ընդհակառակը, գողերին դուրս քշել տնից, նորոգել տունն ու ապրել նորմալ տանը»։
Տիգրան Խզմալյանը կարեւորել է, թե պետք է հասկանալ, մարդիկ չեն ուզում ապրել այստե՞ղ, թե՞ չեն ուզում ապրել այսպես։ «Մենք տեսնում ենք, եւ դա մեծագույն ողբերգություն է, որ հասարակության ահռելի մասը չի ուզում ապրել այստեղ, գնում են։ Բայց կան երիտասարդներ, որ չեն ուզում ապրել այսպես. իրենք չեն ուզում սրի տակով անցնել։ Այս գեղեցիկ աղջիկները չեն ուզում մահճակալի միջոցով հաստատվել կյանքում, քանի որ իրենք խելացի են։ Եվ իրենք չեն լքում, քանի որ հասկանում են, որ հիմա լքելը դասալքություն է, իրենք իրենց տունն են թողնում շներին»,- ասել է նա։

No comments: