Monday, November 7, 2011

«Միսս Եվրասիա» միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Ստելլա Կիրակոսյանը

Tert.am. 6-11-2011- Ռուսաստանի Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքում տեղի է ունեցել «Միսս Եվրասիա» միջազգային մրցույթը, որի ժամանակ հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Ստելլա Կիրակոսյանը: Մրցույթին, ընդհանուր առմամբ, Բլագովեշչենսկում ապրող հետխորհրդային վեց երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուբեկստանի և Մոլդավայի ներկայացուցիչներն են մասնակցել: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նման «ձևաչափով» միջոցառում Հեռավոր Արևելքում առաջին անգամ է անցկացվել:
«Ամեն տարի մենք միջազգային ձևափաչի տարբեր նախագծեր ենք իրականցնում,- ասել է մրցույթի կազմակերպիչներից մեկը՝ Ամուրի մարզի հայկական համայնքի նախագահի տեղակալ Կարո Ժամկոչյանը և հավելել,- անցած տարի դա КВН-էր (Ուրախների և հնարամիտների ակումբ), իսկ այս տարի գեղեցկության մրցույթը: Նպատակը մեկն է՝ միավորել Ռուսաստանի տարածքում ապրող բոլոր ժողովուրդներին՝ անկախ նրանց դավանանքի, մշակույթի»:
«Միսս Եվրասիա» տիտղոսին արժանանալու համար աղջիկները մի քանի մրցութային փորձություն են անցել. ավանդական քայլքից և վիդեոներկայացումից բացի, նրանք մասնակցել են «տաղանդների մրցույթին», պատասխանել են ժյուրիի հարցերին, ներկայացրել են ազգային հագուստը և այլն: Փորձությունների արդյունքում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ադրբեջանը ներկայացնող Սաբինա Գիյանովան, երկրորդ հորիզոնականը՝ Ուզբեկստանը ներկայացնող Շահնոզա Մոթաևան, իսկ առաջին հորիզոնականը և գլխավոր մրցանակը՝ ադամանդե վզնոց, բաժին է ընկել Հայաստանը ներկայացնող Ստելլա Կիրակոսյանին, որը մասնագիտությամբ բժիշկ է: «Երբ ինձ առաջարկեցին մասնակցել այդ մրցույթին, մտածեիցի ինչու ոչ, նման միջոցառումներին մասնակցելու փորձ ունեցել եմ, բայց ամեն դեպքում, կասկածում էի»,- ասել է Ստելլան և շնորհակալություն հայտնել իր հարազատներն և հայկական համայնքին այն բանի համար, որ «իրեն վստահել են հայ աղջիկներին ներկայացնել այդ մրցույթում»:
Ժամկոչյանը հավելել է, որ որ իրենք նախատեսում են հաջորդ «Միսս Եվրասիա» մրցույթն անկացնել չինական Հոնկոնգ քաղաքում, կամ Չինաստանի Հայնան կղզում՝ ավելի քան 30 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ:

No comments: