Wednesday, October 24, 2012

Թուրքիայում փորձում են խոչընդոտել Դերսիմի ցեղասպանության հուշարձանի կառուցմանը

Tert.am. 24-10-2012- 1937-38թթ.-ին տեղի ունեցած Դերսիմի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի շինարարությունը դադարեցվել է՝ նահանգապետարանի պահանջով։ Մազկերտի քաղաքապետ Թեքին Թուրքիլը հայտարարել է, թե ամեն ինչ անելու է մինչև նոյեմբերի 17-ը հուշարձանը բացելու համար։ Քըրքլար լեռը, որի մոտակայքում կառուցվում է հուշարձանը, պատահական չի ընտրվել։ «1938թ.-ին շրջակա գյուղերից բազմաթիվ երիտասարդներ, ծերեր, կանայք, տղամարդիկ, երեխաներ, հարյուրավոր մարդիկ հենց այդ վայրում են գնդակահարվել։ Այստեղ են նրանց ոսկորները»,-ասել է Թուրքիլը։ Նա նշել է, որ նույնը տեղի է ունեցել Դերսիմի բազմաթիվ վայրերում, սակայն Քըրքլար լեռը հուշարձանի համար լավագույն վայրն էր։ Հուշարձանը կառուցելու ընթացքում որևէ խոչընդոտ չի եղել, սակայն այժմ, երբ այն գրեթե պատրաստ է, նահանգապետարանը ցանկանում է դադարեցնել շինարարությունը՝ պատճառաբանությամբ, թե այն առանց թույլտվության է կառուցվում, այն էլ՝ պետությանը պատկանող հողատարածքում։ Քաղաքապետը, սակայն, չի ընդունում այդ որոշումը։ «Երբ մեր պապերին այստեղ գնդակահարում էին, ոչ մեկ չփորձեց պաշտպանել նրանց իրավունքները։ Այս հողերը մեր պապերինն են, և այդ հուշարձանը 2012թ.-ի նոյեմբերի 17-ին պետք է պատրաստ լինի»,-ասել է նա։

No comments: