«Լրագիր» 14-11-2011- Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը արտասահմանցի լրագրողներին ուղղակի ասել է, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու է երրորդ անգամ: Ընդ որում, նա շրջանառության մեջ է դրել նոր եզրաբանություն՝ ուղիղ դեմոկրատիա: Նա նշել է, որ Ռուսաստանը արդիականացման կարիք ունի, որ ինքը դժգոհ է Ռուսաստանի կառավարման համակարգից, եւ իշխանության գալուց հետո մտադիր է մտցնել «ուղիղ դեմոկրատիա»:Այս արտահայտությունը փոխարինելու է գալիս այսպես կոչված «ինքնիշխան դեմոկրատիային», որը, Ռուսաստանի ղեկավարության խոսքով, առկա է երկրում: Սակայն, ինչպես այդպես էլ ոչ ոք չպարզաբանեց «ինքնիշխան դեմոկրատիայի» առանձնահատկությունները, այդպես էլ գաղտնիք է մնում «ուղիղ դեմոկրատիան»:
Ի՞նչ է դա նշանակում: Արդյոք դեմոկրատական կարգը պարտադրվելու է եւ հնարավո՞ր է դա քաղաքական մրցակիցների բացակայության պայմաններում:
Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ նույն կուրսը ներկայում հռչակվում է Հայաստանում: Իշխող Հանրապետական կուսակցությունը, ի դեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի, նույնպես հայտարարում է, որ մտադիր է արմատավորել դեմոկրատական կանոններ, եթե իրեն ընտրեն խորհրդարանի առաջիկա ընտրությանը: Հնչում է նույնիսկ «որակական հեղափոխություն» արտահայտությունը:
Վարչապետը դարձել է երկրի գլխավոր ընդդիմադիրը, հայտարարելով հռչակված արժեքների ու իրականության խզվածության, օլիգոպոլիաների առկայության, տնտեսության անկման եւ այլնի մասին, ինչը բնորոշ է ընդդիմադիր ուժերին:
Ինչպես տրամաբանորեն ենթադրում են Հայ Ազգային Կոնգրեսում, վարչապետը, ով խոստովանում է, որ իր պաշտոնավարման տարիներին իրավիճակն այսքան ողբալի է, պետք է հրաժարական տա: Սակայն Տիգրան Սարգսյանը հրաժարական չի տալիս, ավելին, փորձում է իր կուսակցությանն առաջնորդել առաջիկա ընտրությանը:
Ո՞ր ընտրողի վրա են հաշվարկում վարչապետն ու նրա կուսակցությունը: Արդյոք ամնեզիայով տառապող, խուլ ու համր, հարցեր տալու անընդունակ ընտրողին, ով կհավատա հեքիաթներին, որ կառավարությունը հեղափոխություն է անելու: Ցանկացած նորմալ մարդ հարց կտա՝ եթե գիտեք, որ վատ է, ի՞նչ պետք է անել ուղղելու համար, ի՞նչն է ձեզ խանգարում դա անել ներկայում, այլ ոչ թե ընտրություններից հետո:
Այդ ընդդիմությունը կարող է սպասել ընտրություններին, որպեսզի գա իշխանության եւ իրականացնի սեփական քաղաքական նախագիծը, իսկ գործող իշխանությունը չպետք է սպասի: Եւ այն, որ իշխանությունը հեղափոխությունը հետաձգում է «հետոյին», նշանակում է չի պատրաստվում ոչինչ անել:
Ահա այսպես էլ ապրում ենք, Հայաստանում «որակական հեղափոխության» եւ Ռուսաստանում «ուղիղ դեմոկրատիայի» սպասումներով, փող ստանալով Արեւմուտքից:
Նաիրա Հայրումյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment