Panorama.am. 14-11-2011- ԵՄ անդամ պետությունների դիվանագետները, ինչպես նաև Բաքվում գտնվող Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի աշխատակիցներն այցելել են բանտախցում գտնվող երիտասարդ ակտիվիստ Բախտյար Հաջիևին: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:Դիվանագիտական ներկայացուցիչները նախ և առաջ հետաքրքրվել են, թե ինչ պայմաններում է գտնվում երիտասարդ ակտիվիստը:
Հաջիևը դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է Ադրբեջանում առկա իրավիճակի հետ կապված հարցեր:
Աղբյուրի փոխանցմամբ, Հաջիևը նաև նշել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մյուս շաբաթ այցելելու է Ադրբեջան և նա ակնկալում է, որ վերջինս կոչ կանի Ադրբեջանի իշխանություններին՝ երկրում քաղաքացիական և տնտեսական բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին:
«Անկասկած Եվրոպային պետք է հետաքրքրի կայունությունը: Եվ ես մեր պետության մեջ ուզում եմ տեսնել ոչ թե քաոսային իրավիճակ, այլ կայունություն: Այնուամենայնիվ, եթե իշխանությունները բռնեն մարդու իրավունքների ոտնահարման ճանապարհը, ապա կայունությունը կարճաժամկետ կլինի, իսկ երկարաժամկետ կայանությունն իր հերթին կբերի սոցիալական պայթունի: Եվրոպան պետք է շահագրգռված լինի, որպեսզի Ադրբեջանում հաստատվի ժողովրդավարական կայունություն»,-նշել է Հաջիևը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ընդդիմադիր Բախտյար Հաջիևը ձերբակալվել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով և դատապարտվել երկու տարի ազատազրկման: Հաջիևը հայտարարել է, որ իրեն հալածելով` իշխանությունը խափանում է երիտասարդական շարժումն ու փորձում վախեցնել ակտիվ երիտասարդներին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment