Tert.am. 14-11-2011- Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել ղարաբաղյան հակամարտռության կարգավորման գործընթացից։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»՝ անդրադառնալով Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հարավկովկասյան այցին, որը մեկնարկելու է նոյեմբերի 15-ին։«Վաղը մեկնարկում է Քեթրին Էշթոնի հարավկովկասյան այցը։ Էշթոնը նախ այցելելու է Բաքու, այնուհետև՝ Թբիլիսի, և վերջում՝ Երևան։ Երկրների նախագահների հետ հանդիպումներին, մասնավորապես, քննարկվելու է հակամարտությունների կարգավորման գործընթացներում, հիմնականում` ԼՂ կարգավորման գործընթացում, Եվրամիության դերակատարությունն ինտենսիվացնելու հարցը։ Միևնույն ժամանակ, լուրեր են շրջանառվում, որ նաև ԱՄՆ–ն է պատրաստ Ռուսաստանի ձեռքից վերցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում գլխավոր միջնորդի դերակատարությունը»,– գրում է պարբերականը՝ նշելով, որ Եվրոպայում գոհ չեն ղարաբաղյան հակամարտության գործընթացի լճացումից։
«Եվրոպայի դժգոհության մասին է խոսում օերեր առաջ Երևանում գտնվող Եվրախորհրդարանի անդամ Կրիստիան Վիգենինի հայտարարությունը։ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Վիգենինը լրագրողներին ասել էր. «Մենք կարծում ենք, որ Եվրամիությունը պետք է ավելի շատ ներգրավվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում… Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը որևէ արդյունքի չի հանգեցրել երկար տարիների ընթացքում, և այդ առումով պետք է ինչ–որ բան տեղի ունենա, ինչ–որ բան փոխվի»։ Վիգենինի խոսքով՝ Եվրախորհրդարանում քննարկումներ են տեղի ունեցել և, մասնավորապես, առաջարկվել է ֆրանսիացի համանախագահին փոխարինել ԵՄ ներկայացուցչով։ Բացառված չէ, որ այդ ներկայացուցիչը լինի Քեթրին Էշթոնը։ «Պետք է նոր խաղացողներ ներգրավել այդ գործընթացում»,– ասել էր Կրիստիան Վիգենինը»,– գրում է «Նեզավիսիմայա գազետան»։
Թերթը գրում է, որ ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Ագաևը, մեկնաբանելով Վիգենինի հայտարարությունները, ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է հարավկովկասյան երկրներին դուրս բերել Մոսկվայի ազդեցության ուղեծրից։
«Ադրբեջանցի քաղաքագետի խոսքով՝ Վաշինգտոնն իրականացնում է դեռևս Ջորջ Բուշ կրտսերի օրոք մշակված «Մեծ Կովկաս» նախագիծը, որի նպատակն է հաստատվել տարածաշրջանում և առաջ տանել ամերիկյան շահերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատամմբ, իսկ Ադրբեջանի իշխող էլիտան հակված է ավելի շատ դեպի Արևմուտքը, քան Մոսկվան, տարածաշրջանում Միացյալ Նահանգների համար մեկ խնդիր է մնում՝ Հայաստանը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Ագաևը կարծում է, որ Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից հանելը դժվար, բայց իրականանալի նպատակ է»,– նշում է պարբերականը։
Սակայն Բեռլինում բնակվող քաղաքագետ Աշոտ Մանուչարյանն այդպես չի կարծում։ Ըստ նրա՝ Ռուսաստանին ղարաբաղյան գործընթացից հեռացնելն անհնար է։
Քաղաքագետը կարծում է, որ բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխության համար անհրաժեշտ է բոլոր մասնակիցների համաձայնությունը։ «Մոսկվան չի հեռանա ԼՂ գործընթացից և գլխավոր միջնորդի բեռը չի դնի ոչ ԱՄՆ–ի, ոչ էլ ԵՄ–ի ուսերին, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը կստորագրի իր անգործունակության տակ»,– «Նեզավիսիմայա գազետայի» հետ հարցազրույցում ասել է քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը՝ ավելացնելով. «Այդ դեպքում Մոսկվան Արևմուտքին առիթ կտա անտեսել իր կարծիքն այնպիսի խնդիրներում, ինչպիսիք են, օրինակ, հյուսիսկորեական, իրանական կամ աֆղանական խնդիրները։ Վստահ եմ՝ Ռուսաստանը չի հրաժարվի գերտերության հավակնություններից՝ առավել ևս հաշվի առնելով Վլադիմիր Պուտինը վերադարձը նախագահական աթոռին»։
Մեկնաբանելով բանակցային ձևաչափը փոխելու գաղափարը՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ավստրիական Standart պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ խնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովման համար կարևոր գրավական կարող է դառնալ «երկու համայնքների գոյակցությունը»։
«Նման ձևով առաջ քաշելով ադրբեջանցի փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցը՝ Ազիմովը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ «խնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակը, որին կարող է գնալ Ադրբեջանը, չի ենթադրում Հայաստանին որևէ տարածքների հանձնում»»,– գրում է «Նեզավիսիմայա գազետան», որը Ազիմովի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով դիմել է պաշտոնական Ստեփանակերտին։
«Մենք համաձայն ենք այն հայտարարության հետ, որ խնդրի կարգավորումը չի ենթադրում Հայաստանին տարածքների հանձնում։ Ղարաբաղյան հակամարտությունը ոչ հայ–ադրբեջանական տարածքային խնդիր է, ոչ էլ Երևանի և Բաքվի միջև հակամարտություն, այն հակամարտություն է Բաքվի և Ստեփանակերտի միջև, որը կարգավորման համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ»,– պարբերականին ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Ըստ «Նեզավիսիմայա գազետայի»՝ Դավիթ Բաբայանը նշել է նաև, որ Արցախի իշխանությունները երբեք դեմ չեն եղել ադրբեջանցի փախստականների վերադարձին։
«Մենք պատրաստ ենք ընդունել ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիներին` պայմանով, որ նրանք ընդունեն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիություն և ինտեգրվեն ղարաբաղյան հասարակությանը»,– ասել է Բաբայանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment