Thursday, November 17, 2011

«ՌԱՍԱ». Ադրբեջանը մտահոգված է Իրանում կրթություն ստացած ադրբեջանցի հոգևորականների գործունեությամբ

Panorama.am. 17-11-2011- «Ադրբեջանը մտահոգված է Իրանում կրթություն ստացած ադրբեջանցի հոգևորականների գործունեությամբ»:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՌԱՍԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկատվության` Ադրբեջանի Մեջլիսում մի օրենք է ընդունվել, համաձայն որի` օտարերկրացի գիտնականներին, ինչպես նաև, արտերկրում կրթություն ստացած Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող հոգևորականներին արգելվում է կրոնական քարոզչություն իրականացնել երկրում:
«Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին հայտարարել է, որ կրոնի ոլորտում ամենամեծ սպառնալիքը սպասվում է Իրանից և առաջարկել է, որպեսզի Իրանի Ղոմ քաղաքում կրոնական ուսում ստացած ադրբեջանցի հոգևորականների գորոծողությունները խիստ վերահսկվեն»,- նշում է իրանական աղբյուրը:
Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ օրենքը խախտողներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում և երկուսից մինչև իննը հազար մանաթ տուգանք:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «ղաֆղազ.իռ» կայքը տեղեկացրել էր, որ Ադրբեջանում իրանցի հայտնի հոգևորականների գրքերն արգելված են: Ադրբեջանում կրոնական բովանդակությամբ գրքեր վաճառելու համար անհրաժեշտ է ստանալ արդարադատության նախարարության, կառավարությանն առընթեր կրոնի հարցերով կոմիտեի և համապատասխան նահանգի կամ շրջանի ղեկավարության պաշտոնական թույլտվությունը:

No comments: